«Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամներ, որոնք ձերբակալվել էին նախընտրական շրջանում արգելված բարեգործության մեղադրանքով, դատարանից ազատ են արձակվել վարչական վերահսկողության պայմանով:
Հակակոռուպցիոն կոմիտեն, հիմնվելով գաղտնալսման վրա, նախօրեին հայտարարել էր, թե անցած ամիս, երբ ընտրությունների հետ կապված արդեն թեկնածուների կողմից բարեգործության արգելք կար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանը բնակիչներին գումար են տրամադրել և արտոնյալ ծառայություններ խոստացել:
Մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունն ու փաստաբան Արամ Վարդևանյանը հերքում են կապն ընտրությունների հետ՝ հայտարարելով, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցներից մեկն արդեն հերքվել է:
«Դատարանի կողմից երկու դրվագից մեկի վերաբերյալ հիմնավոր կասկածը չի հաստատվել. եկեք էսպես ձևակերպեմ, հերքող տվյալները ունենք», - հայտարարեց Վարդևանյանը:
Մինչ իրավապահները գնում են ընդդիմադիրների ետևից, վերջիններս սլաքներն ուղղում են իշխող ուժի պատգամավորի թեկնածու Լուսինե Ավետիսյանի կողմը՝ նրան վերագրելով նույնատիպ գործունեություն: Մարտ ամսին «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն սոցցանցերում տեսանյութեր էր հրապարակել իր հիմնադրած «Փեթակ» հասարակական կազմակերպության բարեգործությունների մասին, որտեղ Սպիտակի Արջահովիտ գյուղի բնակիչները շնորհակալություն են հայտնում նրան իրենց տները գազաֆիկացնելու համար:
Արջահովիտում հաստատում են՝ վերջին երկու տարում Ավետիսյանի ղեկավարած կազմակերպության միջոցներով գազաֆիկացվել է 16 տուն: Բնակիչներից ոմանք ծրագրի շահառու են դարձել դեռ 2023-ին, իսկ մյուսները՝ ընդամենը ամիսներ առաջ:
«Ես մենակ Լուսինե Ավետիսյան անունը գիտեմ, ինքն է եկել մեր, մնացածից էլ շատ գոհ ենք, ով որ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղի մի բնակչուհի:
Հարցին՝ «գյուղապետարա՞նն է այսինքն կազմակերպել», նա արձագանքեց. - «Ճիշտն ասած՝ ես չգիտեմ կազմակերպիչն ով է, բայց մեզ գյուղապետն է ասել, որ ընդգրկենք որպես ծրագրի մեջին, կարծեմ Լուսինե Ավետիսյանը մեր ավագանին է գյուղի»:
Գյուղի մի քանի բնակիչներ նշեցին, որ տները կապույտ վառելիքին են միացվել նախորդ տարվա դեկտեմբերին՝ Ամանորի նախաշեմին:
«Մենք շատ շնորհակալ ենք նրանցից, ահավոր շնորհակալ ենք, ուրիշ ոչ մի բան», - ասաց գյուղի մեկ այլ բնակիչ:
Արցախից տեղահանված Գագիկ Խաչատրյանի կիսակառույց տունը ևս գազաֆիկացվել է դեկտեմբերին, իսկ մեկ այլ հիմնադրամ էլ գազօջախ է նվիրել: Ընտանիքը սպասում է շինարարության ավարտին՝ տեղափոխվելու համար:
«Հայփոստ»-ի աշխատակից Անուշ Փանոսյանի ընտանիքը տարիներ շարունակ չէր կարողացել վճարել միացման բարձր վարձավճարները: Նախորդ դեկտեմբերին հարցը լուծվել է դարձյալ ՔՊ-ական թեկնածուի աջակցությամբ. - «Իրենք եկել են, ամբողջը կատարել են, ինչ որ պետք է, մենք էլ ի՞նչ ենք արել, ոչ մի բան՝ շլանգ ենք առել, էդ փոքր բաները միացնելու, վսյո: Ամբողջը իրենց ուժերով է արվել, իրենց միջոցներով»:
ՔՊ թեկնածու Լուսինե Ավետիսյանը, ով Սպիտակի ավագանու անդամ է և դպրոցի տնօրեն՝ վարչատնտեսական գծով, իր դեմ հնչող մեղադրանքները որակում է սուտ մատնություն: Նա պնդում է, որ իր գործողություններում օրինազանցություն չկա, թեև «Փեթակ» բարեգործական կազմակերպության որևէ ֆինանսական հաշվետվություն բաց հարթակներում առկա չէ: Ավելին՝ Ավետիսյանը հեռախոսազրույցում հաստատեց, որ հաշվետվություններ չունեն. - «Որովհետև ֆինանսական հաշվետվություն, մենք որպես էդպիսին չունենք ֆինանսական հաշվետվության, մենք նման ծրագիր արել ենք Գերմանիայի դեսպանատան հետ կապ... փոքր դրամաշնորհի շրջանակներում, հաշվետվությունը անհատ մարդկանց բարեգործական նվիրատվությունների հաշվին են արել նույն ծրագրերը»:
Արդյո՞ք դեռ 2023-ից գազաֆիկացվող տների բնակիչներին իշխող կուսակցության թեկնածուն պոտենցիալ ընտրող է համարում, Ավետիսյանից պատասխան լսելու հնարավորություն չունեցանք, իսկ արջահովիտցիները պնդում էին՝ ավելի լավ է միացված գազն անջատեն, քան թե դրա դիմաց իրենց ընտրական ձայնը վաճառեն.
«Չէ, ես չեմ ցանկանա շանտաժի ենթարկվեմ, եթե գազաֆիկացումով պետք է ինձ ինչ-որ մի բանի շանտաժի ենթարկեն, չեմ ցանկանա ունենամ էդ շանտաժը: Անհնար բան է դա»:
«Չէ, չէ, եթե տենց բան ինձ առաջարկեին, ես թքած ունեմ էդ գազի վրա, տեղում անջատել կտամ, հենց հմի»:
«Չէ, ոչ մի բան չեն ասել»:
Կազմակերպության իրավաբանական հասցեում՝ Սպիտակի բնակելի շենքերից մեկում, այսօր որևէ ցուցանակ չկար, իսկ դուռը փակ էր: Հարևանների խոսքով՝ այստեղ մինչև վերջերս միայն հագուստ են բաժանել, այլ ծրագրերից տեղեկություն չունեին: