Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին, մանրամասներ պատմեց բանակում զինվորի մահվան վերջին դեպքից:
«Վերջին դեպքը, ինչքան ինձ զեկուցել են, զինվորը գրել է, որ զորամասում խնդիր չկա, երկու օր առաջ թույլտվություն է վերցրել և այցելել է հարազատի գերեզմանին, որն, ըստ մեր տվյալների, նույնպես ինքնասպանություն էր գործել։ Եկել, նամակ է գրել ու այդ արարքը թույլ է տվել։ Ես կարծում եմ, որ հոգեբանական դիմակայունության խնդիր է», - ասաց Փաշինյանը։
Վարչապետը համոզմունք հայտնեց, որ բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը կապված են կրթական համակարգի հետ:
«Համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից։ Ես նշված դեպքերից հետո մի քանի անգամ աշխատանքային խոսակցություն եմ ունեցել ԿԳՄՍ նախարարի հետ՝ ասելով, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր երեխաների հոգեբանական դիմակայունությանը, որովհետև երբ ես փորձում եմ խորանալ դեպքերի մեջ, ուղղակի սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշման։ Դա ուղղակի վկայում է, որ մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք»,-ասաց Փաշինյանը՝ պատասխանելով Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի վերաբերյալ հարցին։
Վարչապետը նշեց, որ Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական է տրվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը․ «Այնքան դեպքեր, որոնք իրենք կարող են արդեն որպես տվյալ մշակելու հնարավորություն ստեղծել և տեսնել, թե արդյոք կա՞ն ինչ-որ կրկնվող հատկանիշներ»։
«Ենթադրենք՝ X թվով ինքնասպանություն. կա՞ ինչ-որ հատկանիշ, որ բոլոր ինքնասպանություն գործած մեր սիրելի զինվորների կյանքում նույնն է, ինչ-որ ընդհանրություններ։ Եթե մենք ինֆորմացիան ամբողջությամբ վերբեռնենք, արհեստական բանականությունը կարող է ասի՝ տվյալ մարդիկ ունեն հետևյալ ընդհանրությունները», - հավելեց նա։