Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն. Պապիկյանը՝ գնդերեցներին առնչվող հրամանի մասին

Բանակում, զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու որոշվեց դադարեցնել Հայ Առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված հոգևորականների՝ գնդերեցների ծառայությունը: Նախարարը հստակեցրեց՝ փոխվել է ծառայության բնույթը:

«Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չեն։ Բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն ԶՈւ բարոյահոգեբանական գծով վարչությանը»,- նշեց Պապիկյանը:

Պաշտպանության նախարարի հրամանով փետրվարի 1-ից բանակում հոգևոր ծառայողներ կարող են լինել, բայց Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ: Ի դեպ, պարտադիր պայման է, որ Հայ Առաքելական եկեղեցում հոգևոր կրթություն ստացած լինեն:

Հարցին, թե կան տեղեկություններ, որ կարգալույծներին առաջարկվում է 700 հազար դրամով գնալ և գնդերեց աշխատել, նախարարը պատասխանեց. «Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց նախարարի հրամանը, որը մենք հրապարակել ենք, բացահայտում է, որ այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը»:

Հոգևորականները կարծիք էին հայտնել, որ նման կերպ պաշտպանական ծախսերի համար նախատեսված փողով հովանավորում են եկեղեցուն հալածելու օրակարգը:

Նախարար Պապիկյանի հրամանին նախորդել էին ահազանգեր, որ կորպուսի հրամանատարները, զինվորականները գնդերեցներին հորդորում են միանալ վարչապետ Փաշինյանի հռչակած եկեղեցու բարենորոգման օրակարգին:

Գնդերեցները բանակում են 2000 թվականից: Իշխանության նախորդ յոթ տարիների ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խնդրահարույց չէր համարել նրանց ենթակայությունը Հայ առաքելական եկեղեցուն: Փոփոխությունը կատարվեց իշխանություն-եկեղեցի ամիսներ շարունակվող լարվածության ֆոնին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հրամանի նպատակն այն է, որ Մայր Աթոռի նշանակած հոգևորականները չլինեն ԶՈՒ-ում, վստահ է արդեն նախկին գնդերեցըԴադարեցվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված գնդերեցների ծառայությունըՀայ Առաքելական եկեղեցու նկատմամբ պետական ճնշումների մասին ահազանգում են միջազգային կազմակերպությունները