ԱԺ ընդդիմությունը չի մասնակցի եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման քննարկմանը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման քննարկմանը և քվեարկությանը: Այս մասին հայտարարեցին խմբակցությունների ղեկավարները:

Այս պահին քննիչ հանձնաժողովի կազմի շուրջ քննարկումը դեռ չի մեկնարկել: Երկու ընդդիմադիր ուժերը դեռ ԱԺ նիստերի դահլիճում են, քննարկումը մեկնարկելուց հետո, ինչպես հայտարարեցին, կլքեն նիստերի դահլիճը:

Հոկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակն ուսումնասիրելու համար, թեև Հայաստանում եկեղեցին ու պետությունն անջատ են իրարից: Քննադատները սա համարում են պետության կողմից ուղիղ միջամտություն եկեղեցու գործերին, սակայն դա ետ չի պահում ՔՊ-ին:

Իշխող խմբակցությունից հայտնել են, որ հանձնաժողովը ղեկավարելու է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը:

Խորհրդարանում այսօր մթնոլորտը լարված է, սրանից առաջ լեզվակռիվ ու քաշքշուկ էր եղել:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այսօր Ազգային ժողովում առաջարկել է քննիչ հանձնաժողով ստեղծել՝ բանակում մահվան դեպքերն ու Շաքիում տեղի ունեցած միջադեպը քննելու համար։ Քննարկումն ուղեկցվել է իշխանական և ընդդիմադիր պատգամավորների փոխադարձ մեղադրանքներով։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՔՊ-ն կմերժի բանակի մահերն ու Սյունիք ադրբեջանցի զինվորի ներթափանցման դեպքն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը:

Հոկտեմբերի 1-ին, ըստ պաշտոնական Բաքվի, զորամասն ինքնակամ լքած ադրբեջանցի զինվորը կրակել էր Սյունիքի Շաքի գյուղի բնակչուհու ոտքին՝ ծանր վնասվածք պատճառելով նրան: Ընդդիմադիրները քննադատում են իշխանությանը՝ Հայաստանի խորք ադրբեջանցու ներթափանցումը չկանխելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար«Օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, որով եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի». Փաշինյան Եկեղեցու մասին զեկույց կհրապարակվի. ընդդիմությունը «ապօրինի է» որակում, իշխանությունը՝ հարկման մասին խոսում