ԱԺ նախագահի միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունենում խորհրդարանում, Երևան, 2-ը օգոստոսի, 2026թ.

Հաշվիչ հանձնախմբի ձևավորումից հետո Ազգային ժողովն անցավ խորհրդարանի խոսնակի ընտրության հարցին:

Առաջադրվեց միայն «Քաղաքացիական պայմանագրից» Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, ով նախորդ խորհրդարանում ԱԺ փոխխոսնակն էր:

Իրենց թեկնածուին ներկայացրեց խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը: Ռուբինյանի թեկնածության վերաբերյալ որևէ պատգամավոր Մանավազյանին հարց չուղղեց:

Ապա ելույթ ունեցավ Ռուբեն Ռուբինյանը:

ԱԺ նախագահի թեկնածուն առաջարկով դիմեց ընդդիմությանը՝ կոտրել ձևավորված համազգային կոնսենսուսը, որ այս խորհրդարանը լինելու է ավելի վատը, քան նախորդը, վեճերի ու վիրավորանքների վայր։

Ռուբինյանն ասաց՝ դրա պատճառները խորն են, որովհետև ընդդիմությունը թավշյա հեղափոխության արդյունքները չի ընդունել, ինչն ավելի է խորացել 2021-ին:

Այս նորընտիր խորհրդարանում կա պատգամավոր, որ հեղափոխությունն անվանում է թուրք-ադրբեջանական, այսինքն՝ չի ընդունում, նշեց ԱԺ նախագահի թեկնածուն՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան»-ից Էդգար Ղազարյանին:

Իշխանությունն էլ տեսնելով, որ ընդդիմությունը չի ընդունում ժողովրդի ընտրությունը, ընդդիմությանը վերաբերվել է որպես հակապետական ուժի, ընդգծեց Ռուբինյանը:

ԱԺ նախագահի թեկնածուն բարեկիրթ, թեև սուր բանավեճի առաջարկ արեց, նաև կոչ արեց սկսել զրոյական կետից:

Ելույթի վերջում Ռուբինյանը հայտարարեց՝ եթե ընդդիմությունն ընդունի իր առաջարկները, իրենք էլ կոռեկտ կաշխատեն, իսկ եթե ոչ, հին մեթոդներին են դիմելու, ՔՊ-ն պատրաստ է դրան՝ «բառիս ամենակոշտ իմաստով»:

14 պատգամավորներ հերթագրվեցին ԱԺ նախագահին հարցեր ուղղելու համար:

«Ուժեղ Հայաստան»-ից Գառնիկ Դավթյանը հարցրեց՝ Թուրքիայում սովորելու ժամանակ թուրքերի հետ շփվել է՞, թե՞ ոչ։

Ռուբինյանն ասաց՝ այո, շփվել է, և ոչ միայն այդ փուլում։

Նույն խմբակցությունից Վաղինակ Վարդանովը շարունակեց թեման, թե մտերմությո՞ւն արել է, Ռուբինյանն արձագանքեց՝ ոչ։

«Ուժեղ Հայաստան»-ը շարունակեց հարցերը նույն տրամաբանությամբ:

«Հայաստան» խմբակցությունը հետաքրքրված էր Տիգրանաշենի ապագայով, հարցնում էին՝ արդյո՞ք երաշխավորում է, որ Տիգրանաշենը չի հանձնվի Ադրբեջանին:

Ռուբինյանը պատասխանեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից ոչինչ չի չի կարող հանձնվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նորընտիր Ազգային ժողովն սկսեց աշխատանքներըԻնչո՞ւ որոշեցին փոխարինել Ալեն Սիմոնյանին՝ Ռուբեն Ռուբինյանով. հրաժեշտ խորհրդարանին «Շոյված եմ արդյունքից». ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը