ԱԺ նախագահի կարծիքով՝ սահմանազատումը կարող է շարունակվել 2026-ի առաջին եռամսյակում

Հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածը Տավուշի մարզում, հուլիս, 2024թ.

«Ես կարծում եմ, որ մոտ, մոտակա ապագայում մենք նաև ինչ-որ մի մաս նույնպես կսահմանազատենք և կունենանք էն դրական, հաճելի, ստացված իրավիճակը, որը որ ունենք Կիրանցի մասում», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի խոսնակը:

Կիրանցի հատվածը, Ալեն Սիմոնյանի խոսքով, «դարձել է մեր համար օրինակելի մի տեղ, որտեղ որ մենք միջազգային գործընկերներին և մեր քաղաքացիներին, որոնք դեռ չեն եղել, տանում ենք ցույց ենք տալիս և ի ցույց ենք դնում, թե [...] խաղաղությունը ինչ տեսք կարող է ունենալ և ինչ տեսք ունի»:

«Ազատության» հարցին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ո՞ր հատվածի մասին է խոսքը և ի՞նչ մոտ ապագայի, ԱԺ խոսնակն արձագանքեց. - «Հատվածի մասին հիմա հստակ որևիցե բան չեմ կարող ասել, ինչ ժամկետի մասին է խոսքը՝ նույնպես չեմ կարող ասել, կարծում եմ՝ առաջին եռամսյակի մեջ եկող տարում»:

Ավելի քան երեք տարի է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն աշխատում են, բայց մինչ օրս սահմանազատվել է միայն Տավուշի մոտ 12-կիլոմետրանոց հատվածը: Այս սահմանազատմամբ Բաքվին վերադարձվեց հայկական վերահսկողության տակ գտնվող չորս գյուղ:

Այս տարվա սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախագահներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Սյունիք ու Զանգելան փոխադարձ այցեր էին կատարել, նոյեմբերի վերջին հանդիպեցին ադրբեջանական Գաբալայում: Այդ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտնեց, որ սահմանազատման ուղղությունը անփոփոխ է մնացել՝ շարունակվելու է հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:

Ավելի վաղ, այդուհանդերձ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հնարավոր էր համարել, որ «արտահերթ սահմանազատվելիք հատվածներ լինեն` կապված TRIPP նախագծի հետ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Կիրանցը ՀՀ ամենաանվտանգ գյուղերից է». վարչապետը քաղաքացիների հետ այցելել է գյուղՄանրամասներ՝ Ադրբեջանում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումիցԱդրբեջանում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումըՀնարավոր է արտահերթ սահմանազատում TRIPP-ի համար. Թրամփի ուղու շինարարությունը «կսկսվի 2026-ի երկրորդ կեսին»