Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովի հրատապ նիստին քննարկվեց Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Կողմ քվեարկեց 66, դեմ՝ 16 պատգամավոր:

Փոփոխությամբ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դաշինքի անունը չի կարող պարունակել նաև վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։

Ըստ հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանի պարզաբանման՝ սա վրիպակի արդյունքում է մնացել Ընտրական օրենսգրքում, հիմա վերացնում են այդ վրիպակը։

Մյուս փոփոխությամբ քվեաթերթիկն անվավեր է ճանաչվում, եթե այն կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրագրում բացի քվեաթերթիկից, առկա է ցանկացած այլ իր։ Ջուլհակյանի ներկայացմամբ՝ փոփոխությունները միտված են քվեարկության նկատմամբ վերահսկողություն նախատեսող արգելքի համար գործիքի լավարկմանը:

Ընդդիմությունը քննադատեց այս փոփոխությունները՝ նշելով, որ «ոտքի» վրա նախագիծ են բերել ու ընտրություններից 2 ամիս առաջ ԸՕ են ցանկանում փոխել:

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ այս փոփոխությունները, հատկապես անվանումների մասով, ազդելու են ամբողջ ընտրարշավի գործունեության վրա:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այս գործընթացն ի սկզբանե որակեց հակաիրավական, և մինչև քննարկումը կմեկնարկեր, հայտարարեց՝ դեմ են քվեարկելու:

Նախագծում նշված է նաև, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես, իսկ քաղաքական ուժերի գրանցումը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեկնարկում է ապրիլի 13-ին:

«Տպավորություն է, որ նախորդ գիշեր նստել, ինչ-որ բան եք մտածել, ու այնքան կարևոր է, որ հենց հիմա պիտի անեիք: Պետք է ավելի շուտ ներկայացվեր, քննարկում լիներ, հիմնավորում լիներ, որ առանց այս փոփոխությունների կլինեին դեպքեր, երբ աշխարհը շուռ կգար, և ապագան չէր գա», - նկատեց ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը:

Արուսյակ Ջուլհակյանն արձագանքեց, որ խնդիրը նոր է ի հայտ եկել:

Ընդդիմությունից ակնարկեցին, որ այս փոփոխությունը գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի դեմ է: «Ուժեղ Հայաստանն», իր հերթին, հրատապ ասուլիս է հրավիրել Ազգային ժողովի դիմաց:

«Հայաստան» խմբակցությունից Արման Ղազարյանն էլ հավելեց, որ այս խնդիրն ավելի վաղ էլ քննարկվել է, և փոփոխությունները շուտ պետք է արվեին:

«Բոլորի համար էլ գաղտնիք չէ, որ արդեն եկել է գրանցման փուլը, և արդյոք վատարկող նորմ չէ՞, մարդը գնացել է, գրանցվել պետռեգիստրում, բերել եք, ոտքի վրա մտածել, թե կարող է մարդու անունը խանգարել ձեզ», - ասաց նա՝ նշելով, որ սա քաղաքական ուժի ու անունի վարկանիշի հետ կապված խնդիր է:

«Կարո՞ղ է արդյոք ՀՀ-ում ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» կուսակցությունների դաշինք, թե՞ չէ, հիմա այս հարցն է քննարկվում», - նշեց ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը «պետք է իր դարդը լացի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սամվել Կարապետյանը մերժել է ՀԱԿ-ի հետ դաշինքը. ընդդիմադիր որոշ ուժեր հայտարարել են Կարապետյանին աջակցելու մասին «Մեզ իշխանափոխություն է պետք, ոչ թե մանդատ». Սերժ ՍարգսյանՍամվել Կարապետյանը դեռ բանակցում է, Սերժ Սարգսյանը չի մասնակցում, Ծառուկյանը բլոտ է խաղում