ԱԺ-ն չդադարեցրեց ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները

Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում չդադարեցրեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի (գրական անունը՝ Հակոբ Մովսես) լիազորությունները:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։ Իսկ ընդդիմադիրների 28 կողմ ձայները բավարար չեն եղել, որպեսզի Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցվեն: Այսպիսով, ընդդիմադիրների ներկայացրած նախագիծը մերժվել է:

Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը երեկ քննարկվում էր խորհրդարանում: Ըստ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հիմնավորման՝ Հակոբ Մովսեսը՝ որպես պետական անկախ մարմնի անդամ, խախտել է Սահմանադրության կետը, որով այս հանձնաժողովի անդամը քաղաքական զսպվածություն պիտի ցուցաբերի, այնինչ հարցազրույցներում Հակոբ Մովսեսը Դաշնակցության դեմ է խոսում։

1in.am-ին տված հարցազրույցում դաշնակցական գաղափարախոսությունը՝ «Մահ կամ ազատություն» կարգախոսը, վտանգավոր է համարում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ եզրակացություն ունի՝ Հակոբ Մովսեսը վարքագծի կանոն է խախտում։ Հանձնաժողովի անդամն ինքը համաձայն չէ, ասում է՝ որպես մտավորական է հանդես գալիս։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակոբ Մովսեսի լիազորությունների հարցը՝ նոր կրքերի թեմա խորհրդարանում