ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրեց Վանիկ Օհանյանին

ԱԺ ՔՊ պատգամավոր Վանիկ Օհանյան, լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին: Այս մասին ասված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունում, որը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքէջում:

Վանիկ Օհանյանը 44 տարեկան է, ծնունդով Վանաձորից է, Երևանի Պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ է: Ներկայիս գումարման ԱԺ պատգամավոր է ընտրվել 2025 թվականի սեպտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով, Առողջապահության հարցերի հանձնաժողովի անդամ է: Մինչ այդ եղել է Վանաձոր խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ, իսկ 2021-ի հոկտեմբերի 12-դեկտեմբերի 22-ը` Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 2020-2021 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից, թիվ 9 ընտրատարածքից:

Ավելի վաղ աշխատել է տարբեր կլինիկաներում որպես բժիշկ-ստոմատոլոգ, դասավանդել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում, եղել է «Ալֆա ֆարմ» ՓԲԸ դեղատնային ցանցի Լոռու մարզի տարածքային ղեկավար: 2017-ին հիմնադրել է «Օհանյան կլինիկա» ՍՊԸ ստոմատոլոգիական կլինիկան: 2019-2020 թվականներին աշխատել է որպես «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրեն, 2024-2025թթ.՝ «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրեն:

Առողջապահության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է արդեն գրեթե մեկ ամիս՝ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔՊ-ն դեռ չի բացահայտում, թե ով է հավակնում ղեկավարել ԱԺ առողջապահության հանձնաժողովը «Զայրացնող մտքեր և վրիպումներ». ՔՊ նիստից հետո Հռիփսիմե Հունանյանը հրաժարական տվեց Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից