«ԱԶ Ալկմար»-«Նոա». Պայքար պատմական հաղթանակի համար

«Նոա» և «ԱԶ Ալկմար» թիմերի հանդիպումը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, 20-ը փետրվարի, 2026թ.

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյօֆի առաջին խաղում Ալկմարի թիմի նկատմամբ Երևանի «Նոա»-ի հաղթանակից հետո այսօր արդեն նիդերլանդական քաղաքի մարզադաշտում տեղի կունենա պատասխան հանդիպումը:

Ալկմարի ստադիոնը կարող է ընդունել ավելի քան 19 հազար երկրպագու։ Հայ երկրպագուների համար հատկացված է 950 տեղ, ակումբն օրեր առաջ հայտարարեց, որ տոմսերն արդեն սպառվել են։

Նախախաղային ասուլիսի ընթացքում «Նոա»-ի ֆուտբոլիստ Իմրան Ուլադ Օմարն ասաց. «Կարծում եմ՝ բոլոր ընկերներս, ընտանիքիս անդամները կգան, դա ինձ հավելյալ ուժ կտա։ Հայաստանի համար այս խաղը մեծ իրադարձություն է։ Ինչին հասել է «Նոա»-ն՝ շատ մեծ նվաճում է, իհարկե, ավելին ենք ցանկանում, բայց սա արդեն իսկ նվաճում է։ Ամբողջ երկիրն աջակցում է մեզ, ինչն իսկապես հաճելի է»։

Ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասաց՝ ծանր ու բարդ հանդիպում է սպասվում: «Գիտենք, թե ում դեմ ենք խաղալու։ Նրանք այժմ խաղալու են իրենց դաշտում, իրենց երկրպագուների աջակցությամբ։ Առաջին խաղից տարբերվող հանդիպում է սպասվում։ Շատ ենք հարգում նրանց, բայցև հավատում ենք մեր որակներին և պատրաստ կլինենք մրցել», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց «Նոա»-ի գլխավոր մարզիչը։

«Նոա»-ն առաջին հայաստանյան ակումբն է, որը եվրագավաթային որևէ մրցաշարի փլեյօֆում հաղթանակ է տանում։ Երևանյան խաղում հաղթական գոլի հեղինակ դարձավ «Նոա»-ի ավագ Հովհանես Համբարձումյանը:

Ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը, խոսելով տնային խաղում տարած հաղթանակի մասին, ասաց. «Շատ տպավորիչ հաղթանակ էր հոլանդական հեղինակավոր թիմի դեմ խաղում։ Հանդիպումից առաջ քչերն էին հավատում դրան, բայց իրականություն դարձավ։ Ինձ թվում է՝ «Նոա»-ն շատ լավ պատրաստվել էր խաղին, ինչը մենք տեսանք արդեն հանդիպման ժամանակ։ Իսկ «ԱԶ Ալկմար»-ը իր լավագույն վիճակում չէր, ուներ խնդիրներ, ինչը երևաց արդեն խաղադաշտում։ Ամեն դեպքում, «Նոա»-ն խաղով գերացանցեց, դա կարևոր էր, ոչ թե ինչ-որ պատահականության արդյունքում»։

Անդրադառնալով այսօրվա խաղին՝ ֆուտբոլային մեկնաբանն ասաց. «Ինձ թվում է՝ մրցակցի ստադիոնում շատ ավելի դժվար է լինելու։ Մրցակիցը լուրջ է տրամադրված լինելու, նաև մի քանի առանցքային ֆուտբոլիստներ վնասվածքից ապաքինվել են և խաղալու են։ Ինձ թվում է՝ մեծ ճնշում է լինելու «ԱԶ Ալկմար»-ի կողմից, նաև ունեն շատ լավ հարձակվող, որը գոլեր է խփում։ «Նոա»-ին անհրաժեշտ է լինելու խաղալ կազմակերպված, հոգեբանորեն պատրաստ լինել այդ ճնշմանը ու օգտագործել եղած հնարավորությունները։ Ինձ թվում է՝ «ԱԶ Ալկմար»-ը թույլ կտա «Նոա»-ին որոշակի գոլային պահեր ունենալ, պետք է փորձել օգտվել ու հնարավորինս լավ պաշտպանվել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանի «Նոա»-ն հաղթեց հոլանդական «ԱԶ Ալկմար»-ին«Պատմություն կերտեցինք». «Նոա»-ն կխաղա եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում