Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրից հետո Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն գործնականում ապահովել է եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը։
Այս մրցաշարի արդեն վերջին հանդիպումն այսօր է Լեհաստանում. «Նոան»-ն կմրցի Ուկրաինայի գործող չեմպիոն Կիևի «Դինամոյի» հետ»։ Խաղից առաջ մամուլի ասուլիսով հանդես եկան երկու թիմերի ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչները։
«Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը պնդեց՝ անում է է առավելագույնը ֆուտբոլիստներին մոտիվացնելու համար. «Կտեսնենք, թե ինչքանով է դա ինձ հաջողվել։ Մենք դեռ մեր գործը չենք ավարտել։ Մեր նպատակը փլեյ-օֆֆի փուլ դուրս գալն է, և մենք շատ մոտ ենք դրան։ Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, մենք ինքներս ենք որոշում մեր ապագան։ Մեզ սպասվում է հանդիպում շատ ուժեղ թիմի հետ, բայց ես ակնկալում եմ լավ խաղ, և որի ավարտից հետո կհասնենք փլեյ-օֆֆ»։
Ակումբի պաշտպաններից Գուդմունդուր Թորարինսոն շեշտեց՝ Կիևի «Դինամոն» շատ լավ թիմ է, լուրջ խաղացողներ ունի, բայց իրենք պատրաստ են հանդիպմանը։
Հակառակորդ թիմի՝ «Դինամո»-ի գլխավոր մարզիչ Իգոր Կոստյուկը ասուլիսի ժամանակ շեշտեց՝ «Նոա»-ն ուժեղ թիմ է, վերլուծել են նրանց, թիմում խաղում են որակյալ լեգիոնականներ։
«Իհարկե, հեշտ չի լինելու, բայց ուսումնասիրել ենք մրցակցի ուժեղ կողմերը։ Թույլ կողմերի մասին հիմա չեմ խոսի, դա կքննարկենք թիմի հետ», - հավելեց նա:
Ակումբի կիսապաշտպան Միկոլա Միխայլենկոն էլ նկատեց. «Մենք պատրաստվում ենք խաղին և գիտենք, որ այս խաղը մեզ համար հեշտ չի լինելու։ Մեր հիմնական նպատակը յուրաքանչյուր խաղում հաղթելն է՝ անկախ իրավիճակից։ Իսկ այս խաղը մեզ համար շատ կարևոր է հոգեբանական առումով, մեր վստահության ու ապագա զարգացման համար»։
Վերջին տարիների իրադարձությունների պատճառով ոչ միայն «Դինամոն», նաև ընդհանուր ուկրաինական ֆուտբոլը խնդիրներ ունի, շեշտում է ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը: «Դինամոն», նրա խոսքով, սովոր է խաղալ ավելի բարձր մակարդակում, օրինակ՝ Չեմպիոնների լիգայում, Եվրոպալիգայում, բայց այս մրցաշրջանում ընդամենը Կոնֆերենցիաների լիգայում է։
«Ճիշտ է, դժվար խաղացանկ ունի, ուժեղ թիմերի դեմ խաղաց և ընդամենը 3 միավոր է վաստակել։ Վերջերս փոխել է գլխավոր մարզիչ, իր ամենալավ իրավիճակում չէ։ Այդուհանդերձ, «Դինամոն» ցանկանալու է տարին լավ նոտայով ավարտել. դրա համար կպայքարի «Նոա»-ի դեմ ու նաև ունի փորձառու ֆուտբոլիստներ, որոնք խաղում են Ուկրաինայի հավաքականում», - ասաց նա։
Հարցին, թե այս մրցաշարում ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել Հայաստանի չեմպիոն «Նոա»-ի համար, մեկնաբանը երկու սցենար նշեց. «Առաջինը, եթե թիմն այս խաղում պարտվեց, բազմաթիվ այլ խաղերի արդյունքներ էլ պիտի համընկնեն, անակնկալ հաշվիներ լինեն ուրիշ խաղերում, որպեսզի «Նոա»-ն չհայտնվի գոնե անցումային փլեյ-օֆֆում։ Իսկ անցումային փլեյ-օֆֆում խաղալն արդեն նվաճում է հայկական ակումբային ֆուտբոլի համար։ Եթե «Նոա»-ն այս խաղում հաղթի, հնարավորություն կունենա հայտնվելու ամենաուժեղների շարքում՝ 1/8-րդ եզրափակիչում։ Բայց, այդտեղ էլ միայն «Նոա»-ից կախված չէ, պիտի հաղթի ու սպասի նաև, որ ուրիշ խաղերում հարմար հաշիվներ իրացվեն»։