Իշխող ՔՊ-ում համոզված են՝ Սահմանադրության 148-րդ հոդվածը փոխելու և միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին վարչապետ ընտրելու Կարապետյանների պլանը չի աշխատի:
«Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում, Ֆիլիպ Կիրկորովը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում, պարոն Մադուրոն չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում: Ինձ թվում է պարզ է ամեն ինչ», - այսօր հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Իրենք նույն հաջողությամբ կարող են, օրինակ, Հովհաննես Այվազովսկիին առաջադրել որպես վարչապետի թեկնածու, որովհետև նա նույնքան կարող է լինել վարչապետի թեկնածու, որքան ձեր կողմից մատնանշված հարգարժան ռուսաստանցի բիզնեսմենը», - իր հերթին, ասաց խորհրդարանի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը պնդում է՝ Սահմանադրության՝ վարչապետին վերաբերող հոդվածը հնարավոր չէ փոխել, քանի դեռ նախագահի կողմից վարչապետ նշանակված չէ: Այսինքն, ըստ Ազգային ժողովի փոխխոսնակի, սկզբից պետք է վարչապետը նշանակվի, հետո՝ օրենքը փոխվի, և ոչ թե հակառակը:
«Ընտրություններից հետո, քաղաքական մեծամասնության կազմավորումից հետո անհապաղ նախագահը նշանակում է մեծամասնության ներկայացրած վարչապետի թեկնածուին», - ասաց Ռուբինյանը՝ ընդգծելով. - Հետևաբար՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ առաջին նստաշրջանի օրակարգը ֆիքսված է՝ ԱԺ նախագահի ընտրություն, փոխնախագահների ընտրություն, հանձնաժողովի նախագահների ընտրություն: Էս հարցերը մինչև չքննարկվեն, որևէ այլ նախագիծ Ազգային ժողովում չի կարող քննարկվել: Բայց որպեսզի էս հարցերը քննարկվեն, պիտի լինի նշանակված վարչապետ:
«Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն՝ պարոն Կարապետյա՛ն, Սամվել Կարապետյա՛ն», - երեկ հայտարարվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ:
«Ընտրություններից 20 օր անց Ազգային ժողովի առաջին նիստին անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ՝ ժողովրդի վստահությամբ և Ազգային ժողովի մանդատով, որ թույլ տանք միայն մեկ՝ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ: Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի», - հայտարարեց միլիարդատեր գործարարի եղբորորդին՝ «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Ինչ է ասում Սահմանադրությունը
«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ առաջին նստաշրջանի օրակարգը ֆիքսված է՝ ԱԺ նախագահի ընտրություն, փոխնախագահների ընտրություն, հանձնաժողովի նախագահների ընտրություն: Էս հարցերը մինչև չքննարկվեն, որևէ այլ նախագիծ Ազգային ժողովում չի կարող քննարկվել: Բայց որպեսզի էս հարցերը քննարկվեն, պիտի լինի նշանակված վարչապետ: Հետևաբար՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ», - այսօր հակադարձեց Ռուբեն Ռուբինյանը:
Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Սա նշանակում է, որ մեծամասնության վարչապետը նշանակվում է հենց առաջին նիստին:
Ինչ վերաբերում է առաջին նստաշրջանի օրակարգին, ապա այն հստակ է: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 33-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ առաջին նստաշրջանի օրակարգում կարող է լինել միայն մեկ օրենքի նախագիծ, դա էլ պետք է վերաբերի միայն Կառավարության կառուցվածքի փոփոխությանը:
Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ միլիարդատեր գործարարի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, եթե նույնիսկ կարողանա մեծամասնություն կազմել խորհրդարանում, Սամվել Կարապետյանից բացի պետք է ունենա վարչապետի մեկ այլ թեկնածու, ով համապատասխանում է Սահմանադրության պահանջներին, և որին նախագահը անմիջապես պետք է նշանակի:
Միայն վարչապետի նշանակումից և առաջին նստաշրջանի օրակարգը սպառելուց հետո, հաջորդ նստաշրջանում մեծամասնությունը կկարողանա փոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը: Փաստացի միայն այս կերպ կարող է Սամվել Կարապետյանը վարչապետ դառնալու հնարավորություն ստանալ:
Այսինքն՝ իրականում նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սամվել Կարապետյանի դեմքով, բայց իրականում այլ վարչապետի թեկնածուով պետք է մասնակցի ընտրություններին:
«Եթե մենք հիմա քննարկում ենք այն տարբեր ձևերը, թե ինչպես կարող են տարբեր մարդիկ փորձել իշխանություն բռնազավթել Հայաստանում, դրանք կարող են լինել տարբեր՝ նայած ում որ ֆանտազիան ինչպիսին կլինի, բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դա թույլ տա», - ասաց Ռուբինյանը:
Երկրի ղեկին հավակնող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն իրավունք չունի լինել վարչապետի թեկնածու, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է, մինչդեռ Սահմանադրության համաձայն՝ թեկնածուն պետք է վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի լինի և վերջին չորս տարում մշտապես Հայաստանում բնակված լինի:
«Կարող ենք օրենք ընդունել, որ բոլոր Սամվել անունով մարդիկ չեն կարող լինել թեկնածու»
Սահմանադրական այս արգելքը շրջանցելու Կարապետյանների մտադրությունը, որ երեկ հնչեցվեց «Ուժեղ Հայաստան»-ի շնորհանդեսին, Փաշինյանի ղեկավարած ուժը հակասահմանադրական և անթույլատրելի է համարում:
«Ի սկզբանե սա սահմանադրական խախտում է, և չի կարող ուղղակի տենց թղթեր դզելով, գործ սարքելով, ինչ-որ, իրեն հարմարեցնել պետությունը, օրենքները», - ասաց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ ընդգծելով. - «Տեսեք, մենք հիմա կարող ենք, մեծամասնություն ունենք, կարող ենք օրենք ընդունել և ասել՝ բոլոր, ենթադրենք, Սամվել անունով մարդիկ չեն կարո՞ղ լինել թեկնածու: Կարող ենք չէ՞ անել, տեսականորեն կարող ենք վերցնել և անել դա: Այսինքն, ասել՝ «մենք մեծամասնություն կունենանք և ոնց կուզենք՝ տենց կփոխենք որպեսզի ռուսաստանցի բիզնեսմենը դառնա ղեկավար», սա լուրջ չէ, էլի»:
Եթե ՔՊ-ում հակասահմանադրական և անլուրջ են որակում Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու հայտարարելու «Ուժեղ Հայաստան»-ի որոշումը, ապա խորհրդարանական ընդդիմությունը առայժմ լռություն է պահպանում:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այսօր հրաժարվեցին մեկնաբանություններից՝ պնդելով, թե հարցը դեռ չեն քննարկել: