«Այվազովսկին» ձերբակալված է. համացանցային խոսքի համար հերթական գործը

Հերթական քրեական գործը՝ համացանցում վարչապետի հասցեին խոսքերի համար: Փաստաբան Ռոման Երիցյանն է ստանձնել Հայկ Եղյանի պաշտպանությունը, ով ՏիկՏոկում հանդես է գալիս «Այվազովսկի» կեղծանունով: Իրավապահներն ուսումնասիրել են դեկտեմբերի 23-ի նրա տեսանյութը, որտեղ հայհոյում է Փաշինյանին:

«Ինչ-որ կուսակցության նախագահ այդ փաստի կապակցությամբ ներկայացրել է հաղորդում, նշելով, որ վաղը կարող է Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքը լինել, և իր համար անընդունելի է, երբ որ վարչապետին վիրավորում են, ու Քննչական կոմիտեն առանց հապաղելու քաղաքացուն ձերբակալել է», - ասում է Երիցյանը։

Քրեական գործը հարուցվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ խուլիգանության հոդվածով: Թե ով է հաղորդումը ներկայացնողը, փաստաբանը չի նշում: Իսկ երիտասարդն արդեն երկրորդ օրն է՝ ձերբակալված է: Քննչականից այսօր մանրամասներ չհաջողվեց պարզել, գրավոր հարցում պահանջեցին: Դեռ հստակ չէ՝ արդյո՞ք ՔԿ-ն կդիմի դատարան՝ կալանավորելու Եղյանին:

«Քննչական կոմիտեն սա քողարկում է ունիվերսալ հանցակազմով, խուլիգանության երկրորդ մասի երրորդ կետով և քաղաքացիներին ենթարկում քաղաքական քրեական հետապնդման», - նշում է Երիցյանը:

Դատարաններ են հասնում իշխանականների քննադատները. իրավապաշտպան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը սկսել է ուսումնասիրել այն դատական գործերը, որոնք առնչվում են համացանցում խուլիգանության, բռնության հրապարակային, նաև իշխանությունը զավթելու կոչերին: Աննա Մելիքյանի խոշորացույցի տակ է քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդված:

«Փորձ է արվում կիրառել այն, խուլիգանություն առցանց հարթակներում կամ այդ բռնի կոչերը կրկին սոցհարթակներում, հատկապես, երբ որ դրանք ուղղված են իշխող ուժի ներկայացուցիչներին», - «Ազատությանն» ասաց նա։

Մելիքյանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2020-ի պատերազմից հետո կրկնապատկվել են դատական այս գործերը: Ընդ որում՝ մեղադրյալի աթոռին են այն քաղաքացիները, որոնք, իրավապահների գնահատմամբ, հայհոյախառն արտահայտություններ, բռնության կոչ են հնչեցրել հատկապես վարչապետի ու նրա թիմի հասցեին կամ կոչ են արել զավթել իշխանությունը: Հակառակ պատկերը, երբ, օրինակ, բռնության կոչի, հայհոյանքի համար մեղադրյալ է իշխանավորը կամ իշխանամետ մեկը, չկա: Մելիքյանը Դատալեքսում դեռ նման գործ չի գտել:

«Այն արտահայտությունները, որոնք քրեական գործի նյութ են դարձել և հասել են դատարան, ըստ էության, կարելի է ասել, որ կարող էին չհասնել», - նշեց նա:

Իրավապաշտպանը նկատում է, որ իրավապահների թիրախում հայտնվել են այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են օգտագործել ավելի շատ հոգեհուզական վատ վիճակում հայտնված մարդիկ: Շեշտում է՝ ցանկալի չէ այդ բառապաշարով քննադատելը, բայց վիճելի է դրանք հնչեցնողի արարքը որակել հանցագործություն:

«Իրականում, գիտեք, քանի որ մի քանի հոդվածներով են, տարբեր արտահայտություններ են, տարբեր հոդվածներով են որակվում, բայց, ըստ էության, իրոք մատների վրա կարելի է հաշվել այն դեպքերը, երբ որ այդ արտահայտությունները կարելի է ընկալել որպես ռեալ գործողության կոչ կամ պատրաստակամության արտահայտում դա անելու: Սովորաբար այդ բառերի ընտրությունն ավելի շատ ցուցիչ էր, որ ուզում են, որ իշխանությունը փոխվի, և քննադատում են գործող իշխանությանը», - նշեց նա:

Մելիքյանը նաև գտել է մի գործ, որտեղ քննիչը հանցակազմ չի գտել և վարույթ չի հարուցել, բայց հետո գործը հարուցվել է դատախազության որոշման հիման վրա և հասել դատարան: Ըստ էության, իրավապաշտպանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չկա հավանականություն, որ մեղադրյալ դարձած քաղաքացիներն իրենց կոշտ, քննադատական խոսքը կվերածեին բռնության. «Գործողությունն այդ արտահայտություններում գրեթե չի շոշափվում, այսինքն՝ ռեալ գործողության հավանականությունը, այսպես ասած, ոչ էլ գործերով երևում է, որ ըստ էության, կարդացողը կարող էր դա որպես կոչ ընկալել և գնալ, համապատասխան գործողություններ անել։ Եթե խոսում ենք 330-րդ և 297-րդ հոդվածներով նախատեսված»:

Մասնագետը պնդում է՝ դատարանները պետք է առաջնորդվեն միջազգային իրավունքի ցուցիչներով ու գնահատեն՝ խոսքի ազատ արտահայտո՞ւմ է կատարվածը, թե՞ բռնության միտում: Ըստ նրա ուսումնասիրության՝ մի քանի տասնյակ գործերի մեջ միայն 4 արդարացում է եղել:

Արդարադատության նախարարը հակադարձում է

Արդարադատության նախարարը համացանցում հրապարակումների վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն ունի՝ դրանց համար քրեական հետապնդումը իրավաչափ է, եթե պարունակում են ատելության խոսքի տարրեր, խտրական կամ վիրավորական արտահայտություններ։

«Եթե այդ խոսքը պարունակում է ատելության հատկանիշներ, վիրավորական արտահայտություններ և այլն, որոնք հատում են շեմը այլևս քրեորեն հետապնդելի արարք համարվելու, այո՛, իրավաչափ է», - ասաց Սրբուհի Գալյանը:

Իսկ հայաստանյան իրավապաշտպանները շարունակում են պնդել՝ արդարադատությունը չպետք է ընտրովի լինի: Ըստ նրանց, ակնհայտ է, որ իրավապահները շարունակում են պատասխանատվության կանչել իշխանության ընդդիմախոսներին միայն. թարմ օրինակը իշխանամետ գառնեցի տղամարդուն է առնչվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մասնավոր նամակագրության սքրինշոթը՝ կալանքի պատճառ. գրառումը «կապվում է վարչապետի հետ»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրգործ կա, մեղադրյալ՝ չկա. կաթողիկոսին «քարով սատկացնելու» արտահայտություն հնչեցրած գառնեցին դեռ չի հարցաքննվել

Արդեն երկու ամիս է՝ քրեական գործ կա, բայց կաթողիկոսին «քարով սատկացնելու» կոչ հնչեցրած տղամարդը մեղադրյալ չէ: Բայց օրերս շատ արագ գործ հարուցեցին ու ախուրյանցի 55-ամյա կնոջը կալանավորեցին՝ վարչապետի ու նրա ընտանիքի հասցեին բռնության կոչի հոդվածով: