«Ավելի ուժեղ կհարվածենք, եթե շտապ չստորագրեն համաձայնագիրը». Թրամփը կրկին սպառնացել է Իրանին

Ամերիկյան և իրանական ուժերը գիշերը Հորմուզի նեղուցում կրակել են միմյանց վրա, առավոտյան արդեն Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ օդային հարձակման տակ են և ակտիվացրել են հակաօդային պաշտպանությունը։

Չնայած գիշերային բախումներին՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում, իսկ հրադադարը դեռևս ուժի մեջ է։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է լուրջ հետևանքներով, եթե Իրանն արագ չհամաձայնի պատերազմը դադարեցնելու շուրջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ. Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում

«Նրանք պետք է արագ ստորագրեն այդ համաձայնագիրը։ Բանակցությունները շատ լավ են ընթանում։ Բայց նրանք պետք է հասկանան, որ եթե դա չստորագրվի, շատ դժվարություններ կունենան… Ասեմ ձեզ, որ նրանք ավելի շատ են ուզում դա ստորագրել, քան ես»,- նշել է ԱՄՆ նախագահ Թրամփը։

Ամերիկյան և իրանական ուժերի միջև բախումը տեղի է ունենում երկու օր անց այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարեց, որ ուսումնասիրում է պատերազմն ավարտելու վերաբերյալ ամերիկյան վերջին առաջարկը և իր տեսակետը կփոխանցի միջնորդ Պակիստանին։

Ընդ որում, հասկանալի չէ, թե ով է առաջինը կրակել։ Իրանի ռազմական հրամանատարությունը պնդում է, թե ԱՄՆ-ն թիրախավորել է Հորմուզի նեղուցին մոտեցող իրանական նավթատարը և մեկ այլ նավ, նաև ավիահարվածներ է հասցրել իրանական ափամերձ շրջաններին և Քեշմ կղզուն։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ պայթյուններ են լսվել նաև Թեհրանի արևմուտքում։

Մինչդեռ, ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության, իրանական ուժերն են «բազմաթիվ հրթիռներով, անօդաչուներով և փոքր նավակներով» հարձակվել նեղուցից դուրս եկող ամերիկյան երեք ռազմանավի վրա։ Ամերիկյան ուժերն էլ պատասխանել են և վերացրել սպառնալիքները։ Հարվածել են նաև հարձակման համար պատասխանատու իրանական ռազմական օբյեկտներին։

«Կենտրոնական հրամանատարությունը չի ձգտում սրել իրավիճակը, այլ մնում է իր դիրքերում և պատրաստ է պաշտպանել ամերիկյան ուժերը»,- նշվում է հայտարարության մեջ։

Դոնալդ Թրամփն էլ սոցցանցում Իրանի ղեկավարությանը «խելագար» է անվանել՝ նշելով, թե ցանկանում է, որ Իրանն արագ համաձայնի խաղաղության համաձայնագրին։ «Մենք նրանց շատ ավելի ուժեղ կհարվածենք ապագայում, եթե շտապ չստորագրեն համաձայնագիրը»,- կրկին սպառնացել է նա՝ պնդելով, թե ամերիկյան կողմը վնաս չի կրել իրանական հարձակումից։

Իրանի կենտրոնական հրամանատարության խոսնակը, սակայն, հայտարարել է, որ իրանական հարվածները «զգալի վնաս են հասցրել» ամերիկյան կողմին։ «ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է իմանան, որ Իրանը վճռականորեն և առանց տատանվելու կարձագանքի ցանկացած ագրեսիայի»,- հայտարարել է նա։

Իրանի խորհրդարանի խոսնակն էլ ծաղրել է ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ նրանք չկարողացան շահել Իրանի վստահությունը։ ««Վստահիր ինձ, եղբայր» գործողությունը փաստացի ձախողվեց։ Հիմա վերադառնանք մեր սովորական կյանքին»,- սոցցանցում գրել է նա։

Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին նավթի գինը երեկվա նվազումից հետո այսօր դարձյալ բարձրացել է՝ հասնելով 97 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Իսկ Իսրայելն այս ընթացքում շարունակել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում։ Իսրայելական բանակը նաև Լիբանանի մի քանի քաղաքներից հարկադիր տեղահանման հրաման է արձակել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Շատ հնարավոր է, որ համաձայնության հասնենք». ԹրամփԹրամփ. Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանումԹրամփը կարծում է, որ Իրանի պատերազմը շուտով կավարտվիԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել ՀորմուզումԻրանը հերքում է իր առնչությունը Հորմուզում հարավկորեական նավին հասցված վնասին