Ավելի քան 30 մլն մարդ կհայտնվի աղքատության մեջ Իրանի պատերազմի պատճառով. ՄԱԿ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Ալեքսանդր Դե Քրու, արխիվ

Ավելի քան 30 միլիոն մարդ կհայտնվի աղքատության մեջ Իրանի պատերազմի, այդ թվում՝ վառելիքի և պարարտանյութերի մատակարարման խափանումների պատճառով։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Ալեքսանդր Դե Քրուն է այս մասին հայտարարել, հավելելով՝ պարարտանյութերի պակասը, որը սրվել է Հորմուզի նեղուցով բեռնատար նավերի անցման արգելափակման պատճառով, արդեն իսկ նվազեցրել է գյուղատնտեսական արտադրողականությունը։

«Սննդային անապահովությունը մի քանի ամսից կհասնի իր գագաթնակետին։ Նույնիսկ եթե պատերազմը վաղը դադարի, այդ հետևանքներն արդեն առկա են, և դրանք ավելի քան 30 միլիոն մարդու աղքատ կդարձնեն», - ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Աշխարհի պարարտանյութերի մեծ մասն արտադրվում է Մերձավոր Արևելքում, և համաշխարհային մատակարարումների մոտ մեկ երրորդն անցնում է Հորմուզի նեղուցով, որտեղ Իրանը և Միացյալ Նահանգները պայքարում են վերահսկողության համար։

Ավելի վաղ այս ամիս Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը նախազգուշացրել էին, որ պատերազմը կբարձրացնի սննդի գները՝ ավելի մեծ բեռ դառնալով աշխարհի առավել խոցելի բնակչության վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը պնդում է՝ շրջափակումը քիչ ազդեցություն ունի սննդամթերքի մատակարարման վրա