ԱԹՍ-ները հարվածել են Օրենբուրգի գազամշակման գործարանին

Արխիվ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարվածել են Ռուսաստանի Օրենբուրգի մարզում գտնվող գազամշակման գործարանին։

Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ հարվածնել են Օրենբուրգի մերձակայքում գործող՝ «Գազպրոմ պերերաբոտկա» ՍՊԸ-ին պատկանող գազամշակման գործարանին։ Նշվում է, որ ձեռնարկության արդյունաբերական գոտում հրդեհի մի քանի օջախներ են առաջացել։

Supernova+ ալիքը պնդում է, որ ձեռնարկության նկատմամբ առնվազն երեք հարձակում է եղել։

Տեղի բնակիչները հաղորդել են նաև՝ «Գազպրոմ դոբիչա Օրենբուրգ» ընկերությանը պատկանող հելիումի գործարանի վրա իրականացված հարձակման մասին։

Օրենբուրգի մարզի նահանգապետ Եվգենի Սոլնցևը հայտնել է, որ մարզկենտրոնի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքում խոցվել են «մի քանի անօդաչու թռչող սարքեր»։

Օդանավերի ընդունման և թռիչքների սահմանափակումներ են մտցվել Օրենբուրգի, Օրսկի և Յասնիի օդանավակայաններում։

Օրենբուրգը գտնվում է Ուկրաինայից մոտ 2 հազար կիլոմետր հեռավորության վրա՝ Եվրոպայի և Ասիայի սահմանագծին։

Միաժամանակ, Նիժնի Նովգորոդի մարզի Կստովոյի շրջանում, Astra-ի վերլուծության համաձայն՝ ուկրաինական հարձակման հետևանքով այրվել է մասնավոր բնակելի տուն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցվել է ուկրաինական 323 անօդաչու թռչող սարք՝ Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Օրենբուրգի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Սմոլենսկի և Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի ջրային տարածքների վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինական դրոնները հարվածել են Ղրիմի էներգետիկ ենթակառուցվածքներին