Արցախցի կնոջն ուղղված վարչապետի՝ «փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել» արտահայտությունից հետո, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարում է՝ «բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ զգայունության երաշխավորմամբ՝ հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». վարչապետը՝ արցախցի կնոջըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախից տեղահանված կնոջ զրույցն այսօր վեճի վերածվեց, որի ընթացքում վարչապետը կնոջն ասաց. «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:
«Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների տարածման»,- հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը:
ՄԻՊ-ը պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին կոչ է արել իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ:
«Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի հանրային դիսկուրսը չառաջացնի կամ չխորացնի նրանց խոցելիությունը, այլ նպաստի համերաշխության, ներառականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը»,- ընդգծել է ՄԻՊ-ը: