Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախից տեղահանված կնոջ զրույցն այսօր վեճի վերածվեց, որի ընթացքում վարչապետը կնոջն ասաց. «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:
Վարչապետ Փաշինյանն այսօր մետրոյում դիմելով քաղաքացուն ասաց՝ կարո՞ղ է քարտեզ նվիրի կրծքանշանի տեսքով, ի պատասխան կինն ասաց. «Մենք Արցախից ենք, ուրիշ քարտեզ ունենք»:
Փաշինյանն արձագանքեց. «Բայց Ձեր տղան այս քարտեզում է ապրելու, դա հաշվի առեք»:
Քաղաքացի.- «Միգուցե հիմա, բայց...»
Նիկոլ Փաշինյան.- «Էլ բայց չկա, մենք չենք թողնելու, որ Ձեր գաղափարաբանությունը...»
Քաղաքացի.- «Դուք չեք թողնելու, որ մենք մեր Արցախում ապրե՞նք, Դուք չեք կարող մեզ զրկել Արցախ վերադարձից»:
Նիկոլ Փաշինյան.- «Մենք ամեն ինչ արել ենք, որ Դուք Արցախում, Ղարաբաղում ապրեք: 2023-ին Դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ ես սահմանները փակել եմ, որ ժողովուրդը չգա Հայաստան, ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեմ: Եվ ասում էիք՝ հատուկ փակել ա, որ Ղարաբաղից ժողովուրդը չգնա: Հիմա եկել եք էստեղ, ասում եք՝ վայ, բա մենք ուզում էինք վերադառնայինք: Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել»:
Քաղաքացի.- «Ինձ հետ մատ թափ տալով մի խոսեք»:
Նիկոլ Փաշինյան.- «Ես ձեզ հետ կխոսեմ տենց: Այս քարտեզի մասին տենց քամահրանքով չխոսեք: Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:
Վարչապետը այնուհետև մեղմեց խոսքն, ասաց. «Մի բան եմ խնդրում Ձեզ, պանդխտության միտումը պետք է հանել, պետք է հանդարտվել: Էս երեխուն պետք չի պանդխտության...»
Քաղաքացի.- «էս երեխան իր տունն է ուզում, իր սենյակն է ուզում, իր խաղալիքները, իր Արցախը»:
«Այդ երեխան ապրելու է Հայաստանում»,- իր խոսքը եզրափակեց վարչապետ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Ի դեպ, զրույցի ընթացքում, թեև կինը խնդրում էր, որ չտեսանկարահանեին իրեն և որդուն, այդուհանդերձ տեսանկարահանումը շարունակվում էր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախցիներին «փախած» անվանած վարչապետի խոսքից հետո, ՄԻՊ-ը զգայունության կոչ է անումՆիկոլ Փաշինյանի այսօրվա արտահայտությունից հետո, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարեց՝ «բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ զգայունության երաշխավորմամբ՝ հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները»:
ՄԻՊ-ը պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին կոչ է արել իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը ներողություն է խնդրել Արցախից տեղահանված կնոջիցԱվելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Արցախից տեղահանված կնոջից.
«Մեր գործընկերների որոշակի մեկնաբանություններից և քննադատություներից հասկացա, որ իմ ասածների մեջ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես երևի պետք է լիներ: Ձեզնից ու Ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար և հույս ունեմ, որ առիթ կունենանք մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու: Կրկին ներողություն եմ խնդրում, ընդունում եմ, որ ինչ-որ բան նենց չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել , ինչ-որ տեղ բովանդակությանն էլ ճիշտ չեմ վերաբերվել, բայց այդ թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, և ես բոլորից եմ ներողություն խնդրում»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանը նաև ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, արցախցի կնոջն ու որդուն հրավիրելով կառավարություն՝ պաշտոնապես ներողություն խնդրելու. «Եթե կառավարությունը գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երևանի մետրոպոլիտենում, իր բնակության կամ աշխատանքի վայրում,- գրել է Փաշինյանը: