Արցախի հարցն ու ղարաբաղյան շարժման էջը փակելու իշխանությունների վարած քաղաքականության այս շրջանում՝ Արցախի հայաթափումից հետո Հայաստան տեղափոխված նախկին պաշտոնյաները, որոնք Արցախի կառավարման մարմինները չեն լուծարում, հայտարարում են՝ պարտավոր են շարունակել պայքարը՝ կենտրոնանալով ավելի քան 100 հազար հայերի վերադարձի իրավունքի վրա:
«Նրանք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Արցախի՝ հավատալով, որ հայկական Արցախը պետք է ապրի, և այդ հավատը պարտադրում է մեզ շարունակել այդ գործը», - ասաց արցախցի գործիչ Գագիկ Բաղունցը:
Իշխանությունները, մինչդեռ, ղարաբաղյան շարժումը շարունակելու ու արցախահայերի վերադարձի իրավունքի մասին քննարկումները Հայաստանի անվտանգության համար վտանգավոր են համարում, ընդդիմադիրներին մեղադրում Ադրբեջանի հետ պատերազմ հրահրելու մեջ:
«Ղարաբաղի շարժումը խաղաղության և անվտանգության հետ անհամատեղելի է եղել։ Եվ մենք մեզ հաշիվ ենք տվել, ասել ենք՝ լավ, ինչի՞ մեջ է մեր ընտրությունը, և մենք ընտրություն ենք կատարել հօգուտ անվտանգության, հօգուտ խաղաղության», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երեք տարի առաջ ամբողջությամբ Բաքվի տիրապետության տակ անցած Արցախի անկախության 35-րդ ամյակին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ընդդիմադիրները պնդում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է որոշի՝ Արցախը հայկակա՞ն է, թե՞ ոչ:
«Բնականաբար, ինքը շարունակում է սպասարկել Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը և նրանց շահերը Հայաստանում, բայց, միևնույն է, ասել եմ, շարունակելու եմ պնդել, որ Արցախը հայկական է, և Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը քննարկման կամ սակարկման ենթակա չէ», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարում է՝ Դաշնակցությունը, չնայած իշխանությունների քաղաքականությանը, սփյուռքում ունեցած հնարավորություններն ու լծակներն օգտագործում է արցախահայերի վերադարձի իրավունքի հարցն օրակարգում պահելու համար:
«Էդ միջազգային ընկալումը՝ առնվազն Արցախի ժողովրդի վերադարձի, կա, բայց քանի որ դրա թիկունքում պետություն չկա, դժվար է էդ խնդիրն էս պահին պահել օրակարգում ու թույլ չտալ, որ հարցն էդ ճանապարհով փակեն ու լեգիտիմացնեն Ալիևի արյունոտ ձեռքերը և Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումն ու ցեղասպանությունը», - ընդգծեց Սաղաթելյանը:
Արցախցի գործիչ Վլադիմիր Բալայանն ընդգծում է՝ իրենք այժմ ոչ թե Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման, այլ արցախահայերի վերադարձի իրավունքի համար են պայքարում. «Արցախահայությունն ունենա այն հնարավորությունը, վերադառնա իր հայրենիք, իրենց օջախը և ապրեն իրենց օջախներում, այսինքն՝ այս պահին սա է հիմնական տեսլականը»:
Վարչապետ Փաշինյանը, մինչդեռ, կարծում է՝ արցախահայերի վերադարձի հարցն ու ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարցերը փոխկապակցված են, Հայաստանի իշխանությունները վերադարձի հարցն այլևս չեն քննարկում:
«Մենք արդեն ընդունել ենք նրանց, ում պետք է ընդունենք։ Խոսքը Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների մասին է: Նրանք, ովքեր ծածանում են դրոշներ և խոսում են Ղարաբաղի մեր քույրերի և եղբայրների վերադարձի իրավունքի մասին, Մենք խոսում ենք, որ նրանք պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում: Մյուս խոսույթի հեղինակները ուզում են տեղ բացել այդ խոսակցության համար», - ասել է Փաշինյանը:
Այսօր, ի դեպ, Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռում Արցախի անկախության օրվա առթիվ Խաղաղության աղոթք են կատարել արցախահայերի տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ գերիների շուտափույթ ազատ արձակման համար, վերադարձի իրավունքի մասին, սակայն, Մայր Աթոռը տարածված գրությունում չի հիշատակել:
Վարչապետ Փաշինյանը վերջերս պնդել էր, թե մի շարք հոգևորականներ պատարագների ժամանակ կոչ են հղում Աստծուն՝ պահպանել Արցախի հանրապետությունը: Փաշինյանը մեղադրել էր, թե այդպիսով եկեղեցին «պատերազմի քարոզչության» ինստիտուտի է վերածվում: