«Արթնացել ենք վախով՝ սարի գագաթին հո չի՞ ծածանվում ադրբեջանական դրոշը». ինչ են մտածում տիգրանաշենցիները

Տիգրանաշեն, արխիվ

Տիգրանաշենի բնակիչ Գայանե Հովհաննիսյանն ամեն օր տագնապով է թերթում լրահոսը. - «Ամեն առավոտ վախով ենք համացանցը բացում՝ տեսնենք ինչ նորություն կա»:

Տիգրանաշենի մասին վարչապետ Փաշինյանի պնդումներից հանգիստը կորցրել է, աչքը դիմացի սարից չի կտրում, ադրբեջանական դրոշը միայն թե այդտեղ էլ չծածանվի, ասում է տիկին Գայանեն, որ Ադրբեջանին կպած այս գյուղում ապրում է 25 տարի. - «Արդեն տալիս ենմ վաղն են տալու, մյուս օր են տալու... Տարիներ շարունակ արթնացել ենք մեր աչքը էդ սարի գագաթին՝ հո չի՞ ծածանվում ադրբեջանական դրոշը»:

Գայանե Հովհաննիսյանը Տիգրանաշենի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին է եղել: 23 տարի դասավանդել է դպրոցում, հիմա աշխատանք էլ չունի, գյուղում ապրելու պայմաններ էլ չկան, բայց Տիգրանաշենը լքելու մասին չի էլ մտածում:

«Ի վերջո, էդ ամեն ինչը ի՞նչ ավարտ պիտի ունենա: Կարող է, Աստված, էն մի ծրագրով էդ ամեն ինչը խափանվի, ոչինչ, թեկուզ էդ պայմաններում էլի շարունակենք ապրել էս գյուղում: Լավագույնը էն կլինի, եթե մենք շարունակենք ապրել, մեր գյուղը կարգավիճակ ունենա, ստատուս ունենա, մենք մեր եղածի տերը դառնանք: Էս գիլասի ծառերը ես եմ տնկել», - ասում է տիկին Գայանեն:

Տիգրանաշենի թեման վերջերս թեժացրել է Փաշինյանը: 90-ականներին հայկական կողմի վերահսկողության տակ անցած գյուղի մասին խոսում է ադրբեջանական անվամբ՝ Քյարքի է անվանում ու ուղիղ ասում՝ այն Հայաստանի տարածք չէ. - «Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան, և էդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում, և ըմբռնումն էն է, որ էդ քարտեզներով պետք է իրականացնենք սահմանազատում: Հիմա, էդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին Հայաստանի տարածք չի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անկլավների հարցով այսօր չունենք ոչ մի պայմանավորվածություն, վստահեցնում է վարչապետը

Ընդդիմադիրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հերթական զիջմանը: Մտադիր է Ադրբեջանին տալ այս տարածքը, որտեղով անցնում է Իրանը Հայաստանին կապող միջպետական ճանապարհը, ահազանգում են Փաշինյանի քննադատները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տիգրանաշե՞ն, թե՞ Քյարքի վեճը չի մարում

Իսկ ի՞նչ են մտածում Տիգրանաշենում ապրող մարդիկ: Տագնապներ ունե՞ն Փաշինյանի խոսքերից, պայքարելո՞ւ են, եթե վարչապետը գործի անցնի: Մարդիկ հրաժարվում էին խոսել: Հարյուր բնակիչ ունեցող գյուղում երկու-երեք հոգի համաձայնեցին տեսախցիկի առջև խոսել:

«Գյուղացին ի՞նչ անի, ի՞նչ եք ուզում», - ասաց պարոն Արամը:

Գյուղի այս բնակիչն էլ խոսելու սիրտ չուներ: Արդեն մեկ անգամ կորցրել է: Արցախում է ընտանիքով ապրել, տուն է կառուցել, ֆերմա ստեղծել ու 20 թվականի պատերազմից հետո Տիգրանաշեն է վերադարձել, իր կիսափուլ տունը վերանորոգել ու ապրում է: Վերջին տարիների տեսածից հետո Տիգրանաշենի բնակչին այս հարցն է հատկապես տանջում. - «Ես մի բան եմ մտածում՝ որ ասենք մեռնեմ, ստե՞ղ են թաղելու ինձ, էգուց կմնա թուրքերին, թե՞ կտանեն ուրիշ տեղ կթաղեն»:

«Չէ, ես համոզված եմ, որ սահմանազատման-սահմանագծման ժամանակ էս գյուղը ստատուս է ունենալու, որ հայկական հող է դառնալու: Ստատուս տալիս են հայկական հողերին», - ասում է Աննա Քոչարյանը:

Վարչապետի խոսքերից տագնապներ չունի տիկին Աննան, որ այստեղ է ապրում տարվա ինն ամիսը: Նիկոլ Փաշինյանին է ընտրել ու համոզված է, որ եթե Տիգրանաշենի հարցով քայլերի անցնի, Տիգրանաշենը որոշի հայկական անկլավ Արծվաշենով փոխել, կգա ու գյուղի բնակիչների կարծիքը կլսի. - «Արծվաշենի ապրողների կարծիքն էլ պետք է հարցվի, մեր էստեղի երեք գյուղի ապրողների կարծիքն էլ պետք է հարցվի: Եթե էս գյուղը տա, պետք է էդ ամբողջ 7 կիլոմետր ճանապարհը տա, պատկերացնում ե՞ք, էս տարածքը տա, որ հայկական է, ու էլի բաներ: Հնարավոր է՞ դա: Դա հնարավոր չի»:

Փաշինյանի համակիրը վստահ է՝ Տիգրանաշենին ոչինչ չի սպառնում: Այն գյուղացիներն էլ, որ կարծում են՝ գյուղի գլխին սև ամպեր են կուտակվել, ըստ տիկին Աննայի՝ ընդդիմադիրների ազդեցության տակ են. - «Ես չունեմ կասկածանք: Գյուղացիների մասին ասեմ՝ իրանք մտածում են, որ կարող է և տա, կարող է և, ասենք, նենց լինի, տա: Այսինքն՝ իրանք, ո՞նց ասեմ, ընդդիմադիրների ճնշման տակ են մեկ-մեկ ընկնում»:

Տիգրանաշենի բնակիչն այնքան է վստահում Փաշինյանին, որ նույնիսկ այստեղ բիզնես ծրագրեր ունի. այս տարածքում հանգստի գոտի է մտադիր հիմնել, մի քանի ծառ արդեն տնկել է:

Տիգրանաշենում երեք օր առաջ էլ ծառեր էին տնկում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Այս ակցիայով վարչապետին ուղերձ էին հղում, որ իրենք Տիգրանաշենը շենացնելու կողմնակից են, ոչ թե հանձնելու: Խոստանում են տուրիստական գոտի ստեղծել ու գյուղատնտեսական շուկա հիմնել, որ գյուղը աշխուժանա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Անկախության մարտահրավերը Տիգրանաշենը պահելն է». Նարեկ Կարապետյան

«Ոչ մի աշակերտ չկա, մարում է գյուղը». - քաղաքական օրակարգում եռացող Տիգրանաշենում կյանքը մարում է, դառնանում է հայոց լեզվի ուսուցչուհի Մարինե Հովհաննիսյանը: Առաջին անգամ գյուղում ուսումնական տարին չի սկսվել: Տիգրանաշենի դպրոցում ոչ մի աշակերտ չկա: Համայնքի ղեկավարն ասաց՝ դպրոցը վթարային է, 12 աշակերտ կա գյուղում, ու նախընտրում են հարևան գյուղի՝ Սևակավանի կրթահամալիրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը չի հստակեցնում՝ Տիգրանաշենի ճակատագիրը հանրաքվեո՞վ, թե՞ այլ սցենարով է որոշվելու«Ադրբեջանի մաս կազմող տարածքի նկատմամբ հավակնությունը X կետից պատերազմ է». Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին Փաշինյան. «Վերադարձի մասին չեմ խոսել, ընդամենը ասել եմ Քյարքի»