Գորիսի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։
Վճռաբեկ դատարանը Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու Գլխավոր դատախազության բողոքը վարույթ չի ընդունել, Վերաքննիչի որոշումն էլ մնացել է ուժի մեջ: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրին դատարանից։
Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Առուշանյանի նկատմամբ սահմանված պատիժը փոխարինել ազատազրկմամբ, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր միջնորդությունը։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան, որն անփոփոխ էր թողել դատարանի ակտը: Իսկ Վճռաբեկ դատարանի վերջին որոշմամբ դատական գործընթաց, ըստ էության, ավարտվեց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ընդդիմախոս Առուշ Առուշանյանին 2022 թվականին դատարանն արդարացրել էր ընտրական ենթադրյալ հանցագործությունների դրվագով, սակայն մյուս արարքով նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատարանը սահմանված պատժաչափից հաշվակցել էր նրա արգելանքի տակ գտնվելու ութ ամիսը և որպես վերջնական պատիժ սահմանել էր 6 ամսվա ազատազրկում, որն էլ պայմանականորեն չէր կիրառվել:
Առուշանյանը 5 տարով զրկվել էր նաև տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Դատարանի որոշման այս դրվագը Առուշանյանը հրաժարվել էր կատարել, այսինքն՝ հրաժարական չէր ներկայացրել, նրա լիազորությունները չէր դադարեցրել նաև համայնքի ավագանին: Հենց այս հիմքով էլ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր դատարան՝ նաև առաջարկելով կիրառված պատժատեսակը խստացնել և Առուշանյանի նկատմամբ կիրառել ազատազրկում: