Առնվազն 15 զոհ, 100 վիրավոր՝ Ուկրաինային ռուսական հարվածների հետևանքով

Կիևը գիշերային հարվածները «պատերազմական հանցագործություններ» է որակել:

Անցած գիշեր Ռուսաստանն անօդաչուներով և հրթիռներով հարվածել է Ուկրաինայի մի շարք բնակավայրերի։ Զոհվել է առնվազն 15, վիրավորվել՝ մոտ 100 մարդ, հայտնում են ուկրաինացի պաշտոնյաները։

Մայրաքաղաքում չորս զոհվածների թվում 12 տարեկան տղա կա։ Եվս երեք մարդ զոհվել է հարավարևելյան Դնեպր քաղաքում։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Տելեգրամում գրել է, որ գիշերվա զոհերից բացի, փրկարարները Կիևի կենտրոնական Պոդիլսկիի շրջանի 16 հարկանի շենքի փլատակներից դուրս են բերել մի կնոջ՝ երեխայի հետ։

Մայրաքաղաքի հյուսիսում շտապբուժօգնության չորս աշխատակից է վիրավորվել։

Մեկնաբանելով գիշերային հարվածները՝ ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան դրանք «պատերազմական հանցագործություններ» է որակել։

«Նման հարձակումները չեն կարող նորմալ դառնալ։ Դրանք պատերազմական հանցագործություններ են, որոնք պետք է կանխվեն, իսկ դրանք կատարողները՝ պատասխանատվության կանչվեն», - ասել է Ուկրաինայի գլխավոր դիվանագետը՝ կոչ անելով Ուկրաինային աջակցող երկրներին նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ կամ օժանդակության նոր փաթեթներ տրամադրել Ուկրաինային։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 14-ին հայտնել էր, որ երկրի զինանոցում Patriot հակաօդային պաշտպանության համակարգի խիստ կարիք կա։

Ուկրաինական կողմն, իր հերթին, թիրախավորել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասը, ուկրաինական անօդաչուների հարվածներից երկու երեխա է զոհվել՝ 5 և 14 տարեկան, տեղեկացրել է նահանգապետ Վենյամին Կոնդրատևը։

Ռուս-ուկրաինական պատերազմը ձգվում է արդեն ավելի քան չորս տարի։ Ամերիկյան միջնորդությամբ բանակցություններն առայժմ հաջողությամբ չեն պսակվել։

Առանց այդ էլ դժվարին բանակցությունները խաթարվել են Իրանի դեմ ԱՄՆ-ի նախաձեռնած պատերազմից հետո, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն այժմ կենտրոնացած են Մերձավոր Արևելքի վրա։

Ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածները տեղի են ունենում Սուրբ Հարության տոնի կապակցությամբ հայտարարված կարճատև հրադադարից հետո։ 32-ժամյա զինադադար ընթացքում Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրում էին կրակի դադարեցման ռեժիմի հարյուրավոր խախտումների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևից հայտարարում են՝ Ուիթքոֆը և Քուշները ապրիլին հնարավոր է այցելեն Ուկրաինա Իրանի դեմ պատերազմը կարող է ավելի թուլացնել Կիևին ամերիկյան աջակցությունը. ԶելենսկիԱՄՆ-ը անվտանգության երաշխիքները կապում է Դոնբասից զորքերի դուրսբերման հետ. Զելենսկի