Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ապրիլին հնարավոր է այցելեն Կիև, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գլխավոր օգնական Կիրիլո Բուդանովը։
«Քուշներ, Ուիթքոֆ, Լինդսի Գրեհեմ, հենց նրանք են, ում սպասվում է տեսնել։ Ուրիշ ով կլինի՝ կտեսնենք», - Bloomberg-ին ասել է Բուդանովը՝ հավելելով, որ հանդիպումը կարող է կայանալ ուղղափառ Զատիկից (ապրիլի 12) կարճ ժամանակ անց։
Սա կլինի Ուիթքոֆի և Քուշների առաջին պաշտոնական այցը Կիև։ Նրանք նախկինում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպել են ԱՄՆ-ում, մեկնել են նաև Մոսկվա՝ Ռուսաստանի հետ բանակցությունների համար։
Վաշինգտոնի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև անցկացվող բանակցությունները դադարեցին, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ հասցրին Իրանին, ինչը հանգեցրեց Թեհրանի կողմից մի շարք պատասխան հարձակումների Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրների վրա։