Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հերքել են առաջադրված մեղադրանքները

Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, արխիվ

Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: Նրանք, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները:

Ղուկասյանը ընդգծել է, որ մեղադրող կողմը «Խորհրդային Ղարաբաղ» թերթում իր աշխատանքը ներկայացրել է որպես հանցագործություն, ինչի հետ ինքը համաձայն չէ: Նա պարզաբանել է, որ թերթի խմբագրի չորս օգնականներից մեկն է եղել, զբաղվել է նյութերի ռուսերեն թարգմանությամբ, և որ այդ ժամանակ իր ենթակայության տակ են եղել 16 աշխատակիցներ, փոխանցում են ադրբեջանական պետական լրատվական գործակալությունները:

Ղուկասյանն ասել է, որ թերթի գործունեությունը հանցավոր չի համարում: Նա հավելել է, որ 2007 թվականին հեռացել է մեծ քաղաքականությունից և այլևս երբեք չի վերադարձել:

Բակո Սահակյանը, համաձայն նույն աղբյուրների, ասել է, որ Արցախում հանցավոր կազմակերպություն չի եղել և չէր էլ կարող լինել: «Հանցավոր միավորում» ձևակերպման ներքո Բաքուն նկատի ունի Արցախը:

Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 26-ին:

Ադրբեջանում հայերի դատավարությունները լուսաբանում են պետական լրատվամիջոցները, և որևէ անկախ աղբյուրից նրանց հաղորդածը ճշտելու հնարավորություն չկա:

Պաշտոնական տվյալներով՝ Բաքվում 23 հայ գերի է պահվում: Նրանք ամիսներ շարունակ մեկուսացման մեջ էին հայտնվել:

Օրեր առաջ հաղորդվեց, որ Բաքվի բանտում պահվող հայ գերիներից 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Ըստ ադբեջանական աղբյուրների՝ կտրուկ վատացել է նրա ինքնազգացողությունը, շնչահեղձություն ու սրտի ցավեր է ունեցել:

Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների դատարանն էլ երեկ՝ ընդամենը մի քանի օր տևած դատավարությունից հետո, 58-ամյա Կարեն Ավանեսյանին 16 տարվա ազատազրկման է դատապարտել:

ԿԽՄԿ-ն երեկ հայտնեց, որ նախորդ օրերին տեսակցել է հայ գերիներին:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն մեղադրում մի քանի տասնյակ հոդվածներով՝ պատերազմ ծրագրելու և իրականացնելու, ապօրինի վերաբնակեցման, կտտանքների և այլն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հրաժարվել է նախաքննության ընթացքում ցուցմունքից ԿԽՄԿ-ն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներինԳերիներին վերադարձնելը հնարավոր կլինի միայն քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում. իրավապաշտպանԴավիթ Բաբայանն ու Լևոն Մնացականյանը չեն ընդունել Բաքվում առաջադրված մեղադրանքները«Արդարադատության իսպառ բացակայություն». իրավապաշտպանը՝ Ադրբեջանում Ավանեսյանի դատավճռի մասին«Արդարադատության իսպառ բացակայություն». 16 տարվա ազատազրկում՝ արցախցի Կարեն Ավանեսյանին