4 օր տևած դադարից հետո կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը կվերագործարկեն:
Այսօր վաղ առավոտյան, ըստ էության, հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցները հավաքվել էին գործարանի մոտ՝ բողոքի ակցիայի, քիչ անց քննիչներն ու ոստիկաններ եկան, ավելի ուշ եկավ նաև էկոնոմիկայի փոխնախարարը. փակ դռների հետևում բանակցեցին ընկերության ղեկավարների հետ, ավելի ուշ փոխնախարար Էդգար Զաքարյանը տեղեկացրեց՝ գործարանը գործարկում են, վաղվանից այն կաշխատի ամբողջ թափով:
«Հիմա գործարանը սկսում է աշխատանքները, հուսանք մի քանի ժամից փոքրիկ տեխնիկական խոչընդոտները կավարտվեն, վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի, երևի ավելի շուտ, քան վաղը, բայց վաղվանից ամբողջությամբ կընկնի ռեժիմի մեջ», - ասաց Զաքարյանը:
Երկուշաբթի առավոտ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանն ու նրա առանձնատան խուզարկություններին զուգահեռ իրավապահները կապարակնքեցին նաև Հայաստանի 82-րդ ամենամեծ ընկերությունը՝ Արարատի ցեմենտի գործարանը ու մինչ այսօր որևէ տեղեկություն չկար՝ մինչև երբ խոշոր արդյունաբերական ընկերությունը չի գործի. այսօր գործարան այցելած էկոնոմիկայի փոխնախարար Զաքարյանը հայտնեց, թե գործադիրում որոշում ունեն վերսկսել արտադրությունը՝ չխոչընդոտելով իրավական գործընթացը:
Ընկերության շուրջ 1000 աշխատակիցները, մինչդեռ, չորս օր շարունակ տեղեկություն չունեին՝ ի՞նչ է իրենց սպասվում, երբ աշխատանքի կգան ու աշխատավարձ կստանա՞ն. վաղ առավոտյան նրանք պատասխաններ ստանալու պահանջով հավաքվել էին գործարանի դիմաց:
Այսօր հուլիսի 9-ն է, աշխատակիցներն առայժմ իրենց աշխատավարձն էլ չեն ստացել:
Բողոքի դուրս եկած աշխատակիցներն առավոտյան պատմում էին՝ ընտանիքներն ապրում են իրենց ստացած աշխատավարձերով, մեկը մինչև 170-180 հազար դրամ է վաստակում, մյուսը փոքր-ինչ ավելի շատ, պարտքեր, վարկեր ունեն, ի՞նչ են անելու, հարցնում են:
Փաստացի միայն այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո որոշեցին վերսկսել արտադրությունը. ու մինչ աշխատակիցներն այս հարցերն էին բարձրացնում, մայրաքաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ սպառնում էր «Արարատցեմենտի» աշխատակիցներին՝ պնդելով՝ «պատվերով գործողություններ իրականացնողները կազատվեն աշխատանքից»:
«Նրանք, որոնք կանեն էդ կարգի գործողություններ, այսինքն մարդկանց վրա ճնշում կգործադրեն և այլն՝ փորձելով նրանց մղել գործողությունների ազատվելու են աշխատանքից... այո, սպառնում եմ, ըստ էության», - ասաց Փաշինյանը:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու մտադրության մասին. այսօր արդեն հայտնեց, թե այնտեղ ժամանակավոր կառավարիչ են նշանակելու, ի՞նչ ընթացակարգով ու իրավական հիմքերով, ո՞ւմ և ի՞նչ ժամկետներում կնշանակեն Փաշինյանը չհստակեցրեց: «Արարատցեմենտ»-ը անցած տարի ավելի քան 6.2 միլիարդ դրամի հարկեր է վճարել: