Հակակոռուպցիոնը նախընտրական այս շրջանում առաջին քրեական վարույթն է նախաձեռնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների դեմ ու հրապարակել հերթական գաղտնալսումը:
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակից և նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։ Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել են նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով»,- ասվում է իրավապահների տարածած հաղորդագրությունում:
Իրավապահները հաղորդում են Լոռու մարզում խուզարկությունների ու մի քանի հոգու ձերբակալության մասին, բայց չեն նշում, թե ովքեր են նրանք:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Խուզարկել են «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակը, կան բերման ենթարկվածներԳաղտնալսումներում մի քանի տղամարդ ինչ-որ փողային հարցեր են քննարկում, խոսում իշխանությունը փոխվելուց հետո ինչ-որ մեկի հետ կոշտ զրույց ունենալու մասին, բայց 4.5 րոպեանոց ձայնագրությունում խոսք չկա փողի դիմաց քվեարկելու կամ էլ բարեգործության մասին:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքը դատապարտել է տեղի ունեցածը՝ հայտարարելով.
«Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։ Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը», - հայտարարել են «Հայաստան» դաշինքից:
Եթե սա ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի դեմ առաջին վարույթն է, ապա միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի դեմ վարույթներն արդեն հասել են 11-ի: Երեկ հերթական գործի մասին հաղորդած Հակակոռուպցիոնի հաղորդագրությունում նշվում է, որ մի խումբ մարդկանց ձերբակալել են ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու հոդվածներով: Այս մի գաղտնալսման մեջ ևս կան գումարի մասին խոսակցություններ, քննարկումներ շտաբ պահելու, վիրահատական ծախսերի մասին: Ձայնագրությունում տղամարդկանցից մեկն ասում է՝«100-ը հաստատ կտամ», մյուսը՝ թե «մինչև 3-4-ը փոխանցելու են»:
Թե ովքեր են այս մարդիկ և ինչ պայմաններում է իրականացվել գաղտնալսումը, իրավապահները չեն մանրամասնում: Մանրամասներ չեն հայտնում նաև «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները:
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայտարարել էր.- «Մենք՝ որպես առաջատար ուժ, կաշառք տալու կարիք չունենք: Մարդիկ ընդհանրապես Հայաստանում ներկա ռեպրեսիաների պայմաններում իրար հետ բարեկամական զրույց ունենալը դարձել է հանցագործություն, տանում են մարդկանց կալանքի: Դա ընդամենը գործող իշխանության ցնցումներն են, վախերն են, որը արտացոլվում է այդպիսի տեսքով»:
Ընդդիմադիր ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանն անցած շաբաթ հերքել էր իր ուժի կողմից ընտրակաշառք բաժանելու մեղադրանքները.
«Մենք պետք է հասկանանք՝ ո՞վ է ձայնագրում, ի՞նչ են ձայնագրում, խի՞ են ձայնագրում: Ես վստահ կարող եմ ասել՝ մենք ամեն ինչ անում ենք օրենքի սահմաններում, քանի որ, եթե մենք գոնե մեկ սխալ թույլ տված լինեինք, ամեն սխալի համար, մենք գիտենք, հարյուրավոր մարդիկ հայտնվելու են բանտերում»,- հայտարարել էր Կարապետյանը:
Ընտրակաշառքի, բարեգործության արգելքի, հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հոդվածներով ընդդիմադիրների դեմ վարույթներ նախաձեռնող Հակակոռուպցիոնը, սակայն, օրերս մերժեց «Անկախ դիտորդի» բողոքը՝ վարույթ նախաձեռնել իշխող ուժի՝ ՔՊ-ական Թալինի քաղաքապետի դեմ: Հակակոռուպցիոն կոմիտեն եզրահանգել էր, որ Տավրոս Սափեյանը չի խախտել բարեգործության արգելքը: Ավելին՝ քննչական կառույցը, ուսումնասիրելով փաստաթղթերը, նախընտրական շրջանում Տավրոս Սափեյանի օգնություն բաժանելը որակել էր քարոզչությունից զերծ պաշտոնական լիազորության իրականացում:
Դիտորդները, սակայն, շարունակում են պնդել՝ Սափեյանը նման գործառույթ իրականացնելու լիազորություն չունի, սոցիալական օգնություն է բաժանել ընտրողներին ու խախտել բարեգործության արգելքը:
Ընտրակաշառք տալու և ստանալու համար նախատեսված է 7-ից մինչև 8 տարվա ազատազրկում, ընդ որում՝ պայմանական ազատազրկում չկա: