Առաջադրումներից 5 օր առաջ փոխվեց Ընտրական օրենսգիրքը. ինչ են ասում իշխանությունն ու ընդդիմությունը

Ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումների մեկնարկից ընդամենը 5 օր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» փոխեց Ընտրական օրենսգիրքը: Իշխանական պատգամավորների նախաձեռնած փոփոխությամբ՝ քաղաքական ուժերն այլևս հնարավորություն չեն ունենա դաշինքի անվանման մեջ անձնանուն ներառել: Սա, ընդդիմադիրների պնդմամբ, արվեց, որպեսզի գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը հնարավորություն չունենա դաշինքը կոչել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»:

«Արդյո՞ք վատարկող նորմ չի։ Մարդը գնացել պետռեգիստրում գրանցվել է, եկել է արդեն ԿԸՀ-ում գրանցելու ժամանակահատվածը, բերել եք ոտքի վրա, ձեռքի հետ, գիշերվա ընթացքում մտածել եք, որ կարող է մարդու անունը խանգարի ձեր քաղաքական ուժին»,- հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

Մինչև նախագծի հիմնական զեկուցող, ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը կփորձեր հիմնավորել, թե ինչու են ընտրություններից ուղիղ երկու ամիս և առաջադրումներից 5 օր առաջ Ընտրական օրենսգիրք փոխում, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նախաձեռնությունը որակեց հակաիրավական: Ասաց՝ անկախ պատճառներից այս փուլում օրենսգիրք փոխելն անթույլատրելի է, անիմաստ համարեց անգամ նախագծի բովանդակությանն անդրադառնալը:

«Եթե ինչ-որ մեկն ասում է, որ սա հիմնարար փոփոխություն չի, լո՞ւրջ եք ասում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժն արդեն հայտարարել է իր անունը, ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է և արգելում է դա անել, լո՞ւրջ»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

ՔՊ-ակաների այս նախաձեռնության մասին հայտնի դարձավ երեկ ուշ երեկոյան: Արտահերթ նիստով այս փոփոխությունը բերելու և այն հրատապ ընթացակարգով ընդունելու պատճառները փորձեց պարզել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը:

«Էս ի՞նչ է նշանակում. գիշերվա կեսին շրջանառվում է, առավոտյան գալիս ներկայացվում է։ Ինչո՞ւ»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը։

Իշխանական Արուսյակ Ջուլհակյանն ասաց. «Մի քանի օր է՝ ինչ խնդիրն ի հայտ է եկել, պարոն Խաչատրյան»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սամվել Կարապետյանի թիմը միջազգային կառույցներից ակնկալում է «կտրուկ արձագանք»՝ ՔՊ «ապօրինության» շուրջ

Իսկ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մի քանի օր առաջ դաշինք էր կազմել երկու քաղաքական ուժի հետ և հայտարարել՝ դաշինքը կոչվելու է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»: Մինչև օրս որևէ այլ կուսակցություն դաշինքի մասին չի հայտարարել, որի անվանումը կպարունակի անձնանուն:

«Կուսակցության դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն։ Եվ սա հստակ ուղղված է կոնկրետ քաղաքական ուժին, սա հստակ ուղղված է ձեր վախերի, քաղաքական մեծամասնություն, ձեր վախերի, այո՛, հենց ձեր վախերի, ձեր վախերը փարատելուն»,- հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը։

ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը, որ նախագծի հիմնական զեկուցողն է, բացատրեց՝ այս փոփոխությամբ շտկում են իրենց վրիպակը, որ թույլ են տվել 2024 թվականին, երբ դարձյալ Ընտրական օրենսգիրքն էին փոխում: Մանրամասնեց՝ այն ժամանակ Ընտրական օրենսգրքով արգելված էր, որ դաշինքների անվանումները պարունակեն անձնանուններ, իրենք սխալմամբ քվեարկել և հանել են այս արգելքը: ՔՊ-ականը պարզաբանեց՝ «Կուսակցությունների մասին» օրենքում այդ արգելքը վաղուց կա: Իսկ որ 2024-ին վրիպակ է եղել, ասաց՝ փաստում են նաև այդ օրերի նիստերի արձանագրությունները:

«Որևէ տրամաբանություն չկա այն բանում, որ կուսակցությունների մասին օրենքով արգելվի կուսակցությանն ունենալ անձնանուն իր անվանման մեջ, բայց կուսակցությունների, խմբին մի քանի կուսակցություններին հնարավորություն տրվի, որ նրանք իրենց անվանման մեջ ունենան անձնանուն և համամասնականի տակ մեծամասնական ընտրակարգ առաջ տանեն»,- ընդգծեց Արուսյակ Ջուլհակյանը։

Իշխանական պատգամավորի բացատրությունները որևէ կերպ չմեղմեցին ընդդիմադիրների վրդովմունքը: Ավելին՝ Գեղամ Մանուկյանին չհամոզեցին նաև հիմնական զեկուցողի փաստարկները, թե 2024-ին վրիպակ են թույլ տվել: Ընդդիմադիր պատգամավորը մեջբերեց «Անկախ դիտորդի» անդամ Դանիել Իոաննիսյանի գրառումը, որը օրեր առաջ քննադատել էր ՔՊ-ին այս օրենքը թաքուն փոխելու համար և պնդել, որ այդ առաջարկի հեղինակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է: Այսօր արդեն Իոաննիսյանը հակառակն էր ասում՝ ՔՊ-ն թաքուն ոչինչ չի արել, ընդամենը վրիպել են:

«Հետո, որ նայել ենք հանձնաժողովի նիստի արձանագրությունը և նայել ենք մի շարք այլ բաներ, առաջին ընթերցումը, երկրորդ ընթերցումը, եկել ենք էն եզրահանգման, որ այդտեղ ինչ-որ մեկի տեխնիկական վրիպակն է եղել։ Չենք պարզել և ինձ թվում է, դա երբեք չենք պարզի, թե ով է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը։

Ընտրությունների նախաշեմին այդ վրիպակը շտկելը Դանիել Իոաննիսյանը խնդրահարույց համարեց, բայց ասաց՝ ո՛չ քննադատում, ո՛չ ողջունում են: Ընդդիմադիր պատգամավորները մինչդեռ հայտարարեցին՝ անգամ եթե վրիպակ է եղել, միևնույնն է՝ ընտրություններից երկու ամիս առաջ օրենսգիրք փոխելը նաև Վենետիկի հանձնաժողովը չի խրախուսում:

«Ընտրություններից 2ամիս առաջ իշխող ուժը «վրիպակ» անվան տակ փոխում է խաղի կանոնները, և էս տրամաբանությամբ հանգիստ կարող են փոխել, առաջինից 2-րդ ընթերցման, օրինակ, առաջարկում եմ փոխել, որ ընտրություններին թեկնածու չեն կարող լինել մարդիկ, որոնք կրում են Գեղամ անունը, ու դուք կարող եք անել դա, որովհետև սահմանագծում չկա ձեր համար։ Ասում են՝ վրիպակ է։ Արդարադատության նախարարությունը նախագծերը վերջում տեսել է, հաստատվել է, ուղարկել է նախագահին վավերացման, բա ինչի՞ են էդքան մարդու պարգևավճար տալիս լավ աշխատանքի համար, եթե տենց վրիպակ են թույլ տալիս»,- իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Իշխանականները շարունակեցին հիմնավորել՝ փոփոխությունը բխում է նաև համամասնական ընտրակարգի տրամաբանությունից:

Արման Եղոյանի խոսքով. «Մենք հատուկ անցանք 100 % համամասնականի, որ անձերից ընտրությունները դառնան կուսակցությունների շուրջ, դառնա քաղաքական գաղափարների շուրջ, ոչ թե անձերի շուրջ։ Հիմա ասում եք՝ չէ, ինչի եք անձերի անունը արգելում օգտագործել դաշինքի անվան մեջ»

Ընդդիմությունից Արծվիկ Մինասյանն էլ ասաց. «Նիկոլ Փաշինյանի անունով չե՞ք դուք ընտրություններին մասնակցում։ Պարոն Ալեքսանյան, ձեր խոսքն անգամ դասական միտք է դարձել ուսապարկիզմի մասին։ Այսինքն՝ դուք հիմա պայքարում եք էն երևույթի դեմ, որով եկել եք և շարունակում եք։ Հարց չկա, ճիշտ եք անում, և դա ճիշտ է, բայց մի փաթեթավորեք սա էս իրավիճակում և տարեք տեխնիկական վրիպակ էր էլի և այլն։ Հիմա էս տեխնիկական վրիպակը քաղաքական հետևանք ունեցող վրիպակ է։ Եվ դուք պետք է ձեռնպահ մնայիք այսպիսի քայլից»։

Իշխող մեծամասնությունը օրենքն ընդունեց ոչ այնքան հեշտ. մի քանի ընդմիջում վերցնելուց հետո միայն ՔՊ-ն կարողացավ ապահովել անհրաժեշտ կողմ քվեները: Քվեարկածների թվում էր նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը լքած Գեղամ Նազարյանը: