Մասիսի համայնքապետի «Կառուցող» դաշինքի թեկնածու Դավիթ Համբարձումյանը զրուցում է «Ազատության» հետ, Մասիս, 24-ը նոյեմբերի, 2026թ.
Մասիսի համայնքային ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» դեմ պայքարող թեկնածուի պաշտպանները կասկածներ ունեն, որ իշխանությունը մտադիր է մինչև քվեարկությունը միակ մրցակցին՝ Դավիթ Համբարձումյանին կալանավորել:
«Եթե Վճռաբեկ դատարանը էդ որոշումը կայացնի, մենք անպայմանորեն դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - այսօր հայտարարեց փաստաբան Գայանե Պապոյանը:
«Կառուցող» դաշինքի թեկնածուն՝ ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն անցնում է ութ տարվա վաղեմության քրեական գործով: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ու վեց տարվա ազատազրկման դատապարտել 2018 թվականին Փաշինյանի առաջնորդած հեղափոխության մասնակիցների նկատմամբ զենքով խուլիգանություն կատարելու համար: Համբարձումյանն այս որոշումը բողոքարկել էր, Վերաքննիչն էլ բողոքը մասնակի բավարարել ու որոշել էր՝ զենքով խուլիգանություն կատարելու մեղադրանքի համար բավարար ապացույցներ չկան: Գլխավոր դատախազությունն էլ սա է բողոքարկել, Վճռաբեկը վաղը կհրապարակի վճիռը:
«Ամենայն հավանականությամբ՝ Վճռաբեկ դատարանը պատրաստվում է այնպիսի դատական ակտ կայացնել, որ կչեզոքացնի պարոն Համբարձումյանի մասնակցությունը դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին», - ասաց Պապոյանը:
Փաստաբանների գնահատմամբ՝ Վճռաբեկը կայծակնային արագությամբ է գործի անցել, ինչից էլ կասկածում են, որ քարոզարշավի փուլում, քվեարկությունից առաջ այս որոշումն ընդդիմադիր թեկնածուի օգտին չի լինելու:
«Երեկ արդեն ուղարկել ենք հրատապ հաղորդում ODIHR-ին [Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ]՝ ԵԱՀԿ համապատասխան գրասենյակը, որը որ զբաղվում է հենց ընտրությունների նկատմամբ, որպես այդպիսին, դիտարկմամբ, երեկ արդեն ուղարկել ենք հրատապ հաղորդում բոլոր հնարավոր միջազգային կառույցներին և սպասում ենք համապատասխան արձագանքի», - ասաց Գայանե Պապոյանը:
Մասիսում ընտրությունները դեկտեմբերի 13-ին են: Միայն «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Կառուցող» դաշինքն են պայքարում: Նախորդ անգամ՝ 2021-ին Դավիթ Համբարձումյանը հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին», բայց մինչև վերջ չկառավարեց, անցած տարի նրան կալանավորեցին, ամիսներ անց ազատ արձակեցին:
«Վստահում եմ մասիսցու քվեին, կարծում եմ՝ մասիսցին ճիշտ ընտրություն կկատարի», - օրեր առաջ «Ազատության» հետ զրույցում ասել էր Համբարձումյանը:
Նա պնդել էր, որ իշխող թիմից իրեն առաջարկել են Մասիսի ընտրությունների հարցով համագործակցել: Այդպիսի համագործակցություն եղել է Գորիսում. ՔՊ-ն երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանի հետ միացավ, ու նա դարձավ իշխանության թեկնածուն: Համբարձումյանն «Ազատությանն» ասել էր՝ այդ ճանապարհը մերժել է. - «Այո, եղել է, առաջարկ եղել է, մերժել եմ: Առաջարկ եղել է, որ քննարկենք էդ հարցը, մերժել եմ»:
Մասիսի համայնքապետի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Հովհաննես Հակոբյանը քարոզարշավի ժամանակ, Մասիս, 24-ը նոյեմբերի, 2026թ.
Մասիսում ՔՊ թեկնածու Հովհաննես Հակոբյանն ասել էր՝ ընդդիմադիր «Կառուցող» դաշինքի հետ համագործակցելու մասին ոչինչ չի լսել, տեղյակ չէ. - «Ես չեմ լսել, հետևաբար՝ տեղյակ չեմ»:
Հովհաննես Հակոբյանն անցնում է ապօրինի գույքի գործով: Նրա հայրը մի քանի անգամ Մասիսի քաղաքապետն է եղել Քոչարյանի ու Սարգսյանի իշխանության օրոք: Գլխավոր դատախազությունը համարում է, որ նախկին քաղաքապետի՝ Սաշա Հակոբյանի, նրա որդիների գույքն ապօրինի է, ու պահանջում է, որ պետությանը վերադարձնեն հարյուրավոր միլիոններ: Գործը Հակակոռուպցիոն դատարանում է:
«Քանի դեռ դատավճիռ չկա, որևէ մեկը իրավունք չունի, կարծում եմ, մեղադրելու: Եվ կարծում եմ, համոզված եմ՝ արդարությունը ի վերջո կհաղթի, որովհետև մասիսցիները բոլորն էլ տեղյակ են, որ մենք շատ կարողություն ենք ունեցել դրսում, այսինքն՝ մինչև 99 թվականը մենք ապրել ենք Էստոնիայում», - հայտարարում էր ՔՊ թեկնածուն:
Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ նախկիններին, ապօրինի գույքով անցնողներին որակում է թալանչիներ: Ինչպե՞ս է ստացվել, որ Մասիսում և Ապարանում համայնքապետի ՔՊ թեկնածուները Փաշինյանի խոսքերի հասցեատերերից են: Փաշինյանն այսօր բոլորովին այլ կերպ մեկնաբանեց ապօրինի գույքի գործերով անցնողների հետ նույն ճանապարհով գնալը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ, Երևան, 26-ը նոյեմբերի, 2026թ.
«Ապօրինի գույքի... էդ ինչ է նշանակում, նշանակում է՝ բոլորը հավասար են օրենքի առաջ, դա ի՞նչ է փոխում: Էլի կարող են լինել մարդիկ, որովհետև դա պրոցես է, գործընթաց է, գնում է: Հետո ասում են՝ «վայ, դուք ուրիշ բան ասեցիք, ուրիշ բան արեցիք»: Այո, ուրիշ բաներ ասել ենք, այդ թվում՝ համայնքների հետ կապված: Բայց ի վերջո ո՞վ է արբիտրը, ո՞վ է դատավորը՝ դատավորը ժողովուրդն է», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետը:
Փաշինյանը պարզաբանեց, թե ապօրինի գույքի գործի բռնագանձման գործընթացը քրեական չէ:
Մասիսում իրենց թեկնածուի հայրը նաև քրեական գործով է մեղադրյալ՝ մեղադրվում է պաշտոնավարման տարիներին իրեն վստահված գույքի հափշտակության համար: Ըստ իրավապահների՝ իշխանական լիազորությունները, ազդեցությունն օգտագործելով՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Այդ գործի քննությունը շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում, Սաշա Հակոբյանին արգելել են երկրից դուրս գալ:
ՔՊ թեկնածուն էլ անցնում է նախընտրական փուլում կաշառք խոստանալու գործով:
Հովհաննես Հակոբյանը Մասիսի անձնագրային բաժնի պետն է, դեռ քարոզարշավը չսկսած՝ սկսել էր ընտրողների հետ հանդիպումները: Դրանցից մեկի ժամանակ անչափահաս մի տղա դրվատում էր Հովհաննես Հակոբյանին ու հորդորում նրան ընտրել, թեկնածուն էլ խոստացավ հեռախոս նվիրել: Քրեական գործ է հարուցվել, օրերս իշխանական թեկնածուն «Ազատությանն» ասել էր՝ իրեն հարցաքննության չեն էլ կանչել: