Իշխանությունները դեռ քննարկում են, թե ինչպես զրկեն արտերկրում ապրող քաղաքացիներին Հայաստանում ընտրելու իրավունքից, բայց այս հարցն արդեն ներառվել է հաջորդ շաբաթ կայանալիք խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է արտերկրում գտնվող քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից, եթե նրանք ընտրություններին նախորդող տարում փաստացի առնվազն 183 օր չեն ապրել Հայաստանում։
Խորհրդարանական ընտրություններին հաջորդած իրենց այս նախաձեռնությունը Փաշինյանի թիմակիցները պայմանավորում են Ռուսաստանում ապրող և այս վերջին ընտրություններին, ըստ իրենց, ընդդիմության օգտին քվեարկելու եկած քաղաքացիների հետ: Անգամ քննադատություններ եղան Ռուսաստանից եկածների նկատմամբ, թե իրենց կյանքը կապել են այլ երկրի հետ, բայց ընտրություններին գալիս ու հայաստանցիների փոխարեն են որոշում կայացնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Լավ օրից չէ, որ գնում ենք նման փոփոխության». ՔՊ-ն արտերկրում ապրողներին զրկելու է ընտրելու իրավունքիցԱյսօր այս թեմայով քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն այդպես էլ ուղիղ չպատասխանեց «Ազատության» հարցին՝ արդյոք ընտրական իրավունքի սահմանափակումը համարո՞ւմ է Սահմանադրությանը հակասող: Ասաց, որ խնդիրներն իսկապես շատ են, ու կարծիք հայտնեց, թե հարկավոր է դանդաղ աշխատել այս հարցի շուրջ:
«Ցուցակների ներգրավվման մեջ լինի, ոչ թե ընտրական իրավունքի, որպեսզի մարդիկ կարողանան արագացված ընթացակարգով վերականգնեն իրենց ցուցակում ներգրավվածությունը, եթե այնտեղ խնդիր առաջանա», - ասաց Ղազարյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը վկայակոչեց Սահմանադրությունը, ըստ որի «Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք». «Ինչո՞ւ է հիմա իշխանությունը ափալ-թափալ բերում այս նախագիծը, որովհետև կոչվում է Ընտրական օրենսգիրք՝ սահմանադրական օրենսգիրք, իսկ ՔՊ-ն ապագա խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն՝ ոտքի վրա օրենք փոխելու»:
Մանուկյանն ասաց՝ եթե իշխանություններն ընդունեն այս նախագիծը, իրենք կդիմեն Սահմանադրական դատարան:
Մինչ ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը հակադրվում էր ընդդիմադիր Մանուկյանին ու պնդում՝ իրենց նպատակն է, որ հայաստանցին որոշի Հայաստանի ճակատագիրը, ոչ թե՝ դրսում արմատներ գցածները, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը ևս ընդգծում էր. «Դա հակասահմանադրական դրույթ է, այդ փոփոխութունն անհնար է և անտեղի, և չեմ պատկերացնում, թե ինչու է շրջանառվել այս տեսքով»:
Իշխանություններն ավելի վաղ հակադարձել են ընդդիմախոսներին, թե այս առաջարկը Սահմանադրության հետ խնդիր չունի: Օրինակ էլ ունեն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որին մասնակցող քաղաքացին վերջին մեկ տարում պետք է 6 մասով հաշվառված լինի տվյալ բնակավայրում: