Հրշեջները պայքարում են վերահսկողության տակ պահել ֆրանսիական Բորդո քաղաքին սպառնացող անտառային հրդեհները, մինչ իշխանությունները քաղաքի արվարձաններից ավելի մեծ թվով բնակիչների են տարհանում, գրում է Reuters-ը։
Ֆրանսիայի հարավ-արևմտյան շրջանը ևս տուժել է անտառային հրդեհներից՝ Եվրոպայի մի շարք հատվածներ պատած ամառային սաստիկ տապի պատճառով։
Իսպանիան ազգային արտակարգ դրություն է հայտարարել, իսկ Վալենսիայի մոտակայքում բռնկված անտառային հրդեհը տարեց տղամարդու մահվան պատճառ է դարձել։
«Այն գտնվում է գլխավոր քաղաքի մուտքի կետերից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա», - այսօր ասել է Բորդոյի քաղաքապետ Թոմա Կազնավը, մինչդեռ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը X-ում գրել է, որ ընդհանուր իրավիճակը շարունակում է «բարդ» մնալ։
Բորդոյի շրջանը հայտնի է իր խաղողի այգիներով, իսկ Ատլանտյան օվկիանոսի ափեր այցելող զբոսաշրջիկների համար քաղաքը հիմնական տրանսպորտային հանգույցներից մեկն է։
Իշխանությունները Ֆրանսիայի հարավ-արևմուտքից մինչ այժմ 220,000 մարդ են տարհանել շաբաթվա սկզբում բռնկված հրդեհների՝ Ակվիտանիայի շրջանի ամառային հայտնի հանգստավայր Կապ Ֆերե հասնելուց հետո։
Reuters Climate Monitor-ի տվյալներով՝ այս ամսվա ընթացքում Ակվիտանիայի շրջանում, որտեղ գտնվում է Բորդոն, առավելագույն ջերմաստիճանի միջինը 32․2 աստիճան է կազմել, ինչը 7․3 աստիճանով գերազանցում է 1961-1990 թվականների ամսական նորման։