Անկարգություններ, ձերբակալություններ Ֆրանսիայի տասնյակ քաղաքներում՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո

Ֆրանսիա - Փարիզի փողոցներից մեկում, 30-ը մայիսի, 2026թ.

Ֆրանսիայում ոստիկանների և ֆուտբոլային երկրպագուների միջև բախումների հետևանքով առնվազն 416 մարդ է ձերբակալվել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչ հանդիպումից հետո, որում «Պարի Սեն-Ժերմեն» ակումբը առավելության հասավ Լոնդոնի «Արսենալ»-ի նկատմամբ և երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Եվրոպայի ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում: Առնվազն յոթ ոստիկաններ վնասվածքներ են ստացել, հաղորդում է Le Figaro-ն՝ վկայակոչելով ՆԳՆ տվյալները:

Փարիզում ձերբակալվել է 283 մարդ, փոխանցել է ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը:

Բախումները սկիզբ են առել դեռ խաղի ժամանակ. շուրջ 150 մարդ փորձել է ներխուժել Ֆրանսիայի մայրաքաղաքի «Պարկ դե Պրենս» մարզադաշտ, որում կազմակերպվել էր Բուդապեշտում ընթացող եզրափակիչ հանդիպման հեռարձակումը: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և ետ է մղել ամբոխին: Մարզադաշտի մոտ ռեստորան և այլ օբյեկտներ են վնասվել:

Մի քանի հարյուր մարդ փակել է Փարիզի օղակաձև ավտոճանապարհը, ինչը հանգեցրել է լուրջ խցանումների և ճանապարհատրանսպորտային պատահարի, որում երկու մարդ է տուժել:

Ելիսեյան դաշտերում շուրջ 20 հազար մարդ է հետևել հեռարձակվող եզրափակիչ խաղին: Այստեղ հեծանիվներ և ավտոմեքենաներ են հրկիզել:

Փարիզի ոստիկանությունը հաղորդել է ձերբակալվածներից 24 ազդանշանային հրթիռ և հարյուր պայթուցիչ առգրավելու մասին:

Ընդհանուր առմամբ, անկարգություններ և վանդալիզմի ակտեր են գրանցվել Ֆրանսիայի 15 քաղաքներում:

Հաղորդվում է նաև խանութներ թալանելու մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՊՍԺ-ն՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող երկրորդ տարին անընդմեջ