Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղղված նամակում նշել է, որ անհրաժեշտ է ավելին անել, որպեսզի ուժեղացվի Եվրամիության սահմանների պաշտպանությունը՝ հատկապես խոցելի հատվածներում:

Օգոստոսի 3-ով թվագրված նամակում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ, Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաև վերահաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցելու Իսպանիային անօրինական ներգաղթի դեմ պայքարում։ Նա միաժամանակ ընդգծել է, որ այս ուղղությամբ դեռևս լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ։

«Իսպանիայի հետ համագործակցությամբ, հատկապես Սեուտայի և Մելիլյայի հետ կապված հարցերում, մենք կարող ենք կատարելագործել սահմանների կառավարման վաղ նախազգուշացման համակարգերը, ինչպես նաև ընդլայնել Մարոկկոյին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցությունը»,- նամակում գրել է Ֆոն դեր Լայենը։

Նամակը հաջորդում է անցած շաբաթ Մարոկկոյի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպին, երբ մեծ թվով միգրանտներ հատեցին Մարոկկոյի սահմանը՝ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա անկլավ մտնելու համար: Դրա հետևանքով առնվազն 67 մարդ զոհվել է։