Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, երբ ՀՀ քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ. Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, կոլաժ

«Աստված ձեզ դատավոր». - ադրբեջանական բանտից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսպես է արձագանքել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Երեք տարի գերեվարված Վարդանյանն օրեր առաջ դիմել էր Անահիտ Մանասյանին, խնդրել, որ այցելի հայ գերիներին, ապահովի հարազատների հետ նրանց տեսակցությունը: Անահիտ Մանասյանն էլ պատասխանել էր, թե իր լիազորությունները միայն Հայաստանի պետական կառույցների շրջանակում են:

«Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը։ Թողնում եմ նրա խղճին։ Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեզ դատավոր», - ասում է Վարդանյանը:

Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը Հայաստանի օմբուդսմենի մանդատի շրջանակում չէ, ապա ո՞ւմ մանդատինն է: Մեր երկրում ո՞վ է պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը, շարունակում է Արցախի պետնախարարը:

«Կան մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել ՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների, ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով», - ընդգծում է Ռուբեն Վարդանյանը:

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր էլ Ազգային ժողովում խոսեց իր մանդատի լիազորությունների սահմաններից, որ Բաքու չեն հասնում:

«Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի այցին, անհրաժեշտ է հստակեցնել այցի նպատակը: Դարձյալ, նորից եմ կրկնում, սիրելի քաղաքացիներ, Մարդու իրավունքների պաշտպանը, եթե կարծում եք, որ կարող է գնալ որևէ երկրում մշտադիտարկում անել ազատությունից զրկման վայրերում, դա այդպես չի լինելու: Եթե, օրինակ, դուք ուզում եք, ի՞նչ եք ուզում, ես գնամ այնտեղ ի՞նչ պատկեր տեսնեմ և այլն՝ սա է պետք հստակեցնել, նաև համատեղ քննարկումների արդյունքում», - հայտարարեց Մանասյանը:

Եթե Հայաստանի քաղաքացիների պաշտպանության մասին են խոսում, դա չի նշանակում, որ այդ լծակները կարող են կիրառվել այլ պետության տարածքում, բացատրում էր ՄԻՊ-ը:

Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյո՞ք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ, հրապարակված նամակում հարցնում է ադրբեջանական դատարանում ցմահ ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանը:

«Ինչո՞ւ մինչ օրս բանտարկյալներին անհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն: Հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը և պահպանման կենցաղային պայմանները», - նշում է Արցախի նախկին պետնախարարը:

Անցած սեպտեմբերից, երբ Ադրբեջանում փակվեց Կարմիր Խաչի միջազգային գրասենյակը, որևէ միջազգային անկախ կառույցից հայ գերիներին այցելող չկա: Այստեղ պահվողների շարքում կան տարեց, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնություն չէ, դա նվաստացում է։ Եթե օգնություն էլ ընդհանրապես հասնում է, ապա այն չէ, ինչի կարիքն ունեն բանտարկյալները: Արդյո՞ք այս ամենը հայտնի է վարչապետին, գրում է Ռուբեն Վարդանյանը:

«Ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել և ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ՝ առանց պատշաճ պաշտպանության, առանց սեփական պետության կողմից համակարգային աջակցության, օգնության ու վերահսկողության։ Հայտարարե՛ք պատասխանատու անձին։ Հրապարակե՛ք աշխատանքի մեխանիզմը։ Բացատրե՛ք՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։ Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է», - ասված է Արցախի նախկին պետնախարարի նամակում:

Անահիտ Մանասյանին երեկ էլ դիմել էր հայ գերիներից Դավիթ Իշխանյանը՝ Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահը: Հարազատների միջոցով հրապարակված ձայնային հաղորդագրությամբ խնդրում էր՝ Մանասյանն ադրբեջանցի գործընկերոջ միջոցով իր մեղադրական եզրակացությունն ու դատավճիռն ամբողջությամբ հայերեն ու ադրբեջաներեն տարբերակներով ստանա ու փոխանցի իր ընտանիքին.

«Ես հիմա ուզում եմ դիմել բանավոր ձևով իրեն, որպեսզի ինքը միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից, գուցե նաև՝ իր գործընկերոջ միջոցով, ստանա հայերեն և ադրբեջաներեն տարբերակը՝ մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստը և մեր դատավճռի ամբողջական տեքստը, և փոխանցի իմ ընտանիքին ու իմ հարազատներին»:

Իշխանյանն էլ ահազանգել էր ադրբեջանական դատավարության ապօրինությունների մասին. - «Ինչ լուրջ և կոպտագույն խախտումներով է ընթացել թե՛ հետաքննությունը, ամբողջ քննությունը և թե՛ դատավարությունը՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաև Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընթացակարգի կոպտագույն խախտումներով»:

Թե կոնկրետ ինչ քայլեր են անում ադրբեջանական բանտերից ՄԻՊ-ին դիմած հայ գերիների դիմումների ու նրանց ահազանգած խնդիրների ուղղությամբ, Պաշտպանը այդպես էլ կոնկրետ բան չասաց: Ձեռքերը ծալած նստած չեն, հավաստիացնում էր Մանասյանը:

«Ինչ վերաբերում է ոչ միայն դատական ակտերի տրամադրմանը, ինչ վերաբերում է վատ վերաբերմունքի կանխարգելմանը, ինչ վերաբերում է իրավունքների պաշտպանության երաշխիքների հետ կապված հարցերին, ապա այս հարցերով մենք նոր չէ, որ զբաղվում ենք, այս հարցերով մեր հաստատությունը զբաղվել է ի սկզբանե», - վստահեցրեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Եվ միակ հստակ պատասխանն այն էր, որ մանդատը վերաբերում է Հայաստանում պահվող բանտարկյալներին՝ անկախ ազգությունից:

Իշխանություններն, իրենց հերթին, հավաստիացնում են՝ ամենօրյա ռեժիմով են աշխատում ադրբեջանական բանտերում պահվող 19 հայերին տուն բերելու ուղղությամբ, ըստ վարչապետ Փաշինյանի՝ քանի դեռ կոնկրետ արդյունք չկա, ինքն այդ մասին բարձրաձայն չի խոսում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եթե Ադրբեջանի բանտում գտնվող հայերի պաշտպանությունը ՀՀ ՄԻՊ-ի մանդատում չէ, ապա ո՞ւմ». Ռուբեն ՎարդանյանԱնահիտ Մանասյանը՝ Բաքվի բանտում պահվող հայերին այցելելու մասին Դավիթ Իշխանյանը ադրբեջանական բանտից դիմել է Հայաստանի ՄԻՊ-ին«Ռուբեն Վարդանյանը և մյուս գերիները՝ նոր բանտում». ինչ է հայտնի մեկուսի վայրում գտնվող Ումբակիի մասինԱրդյոք Հայաստանի իշխանությունը պատրաստ է կազմակերպել գերիների հարազատների այցելություն Բաքու«Հայաստանի ՄԻՊ- ը չի կարող անկախ գործունեություն իրականացնել Ադրբեջանում». ի՞նչ կարող է անել ՊաշտպանըՌուբեն Վարդանյանը Հայաստանի օմբուդսմենին խնդրում է դիտարկել Բաքու այցելելու հնարավորությունը