ԱՄՆ-ը դեպի Իրան շարժվող նավ է խոցել, հութիները նավահանգստի և նավի են հարվածել, Թեհրանը չի վերաբացում Հորմուզը

Նավեր Հորմուզի նեղուցում, օգոստոս, 2026թ.

Ամերիկյան զինուժը իրանական նավահանգստի ուղղությամբ շարժվող բեռնատար նավ է խոցել Օմանի ծոցում: Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Պանամայի դրոշի ներքո նավարկող նավն անտեսել է իրանական նավահանգիստների նկատմամբ ամերիկյան ծովային շրջափակման ռեժիմը և չի ենթարկվել կանգ առնելու բազմաթիվ հրահանգներին։ Արդյունքում ամերիկյան զինուժը հրթիռային հարվածներով շարքից հանել է Vela Nova նավի կառավարման համակարգը:

Հրամանատարությունը պնդել է՝ Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը շարունակում է լիովին ուժի մեջ մնալ, ապա հայտնել է, որ առայսօր շրջափակումը խախտելու փորձ արած 55 առևտրային նավի են ստիպել փոխել ուղղությունը:

Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիներն, իրենց հերթին, բալիստիկ հրթիռներով հարվածել են Հնդկական օվկիանոսն ու Կարմիր ծովն իրար կապող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ գտնվող ալ-Մախա ռազմավարական նավահանգստին։ Հութիները նաև եգիպտական առևտրային նավի են հարվածել: Սպանվածների թվում Պակիստանի առնվազն վեց քաղաքացի կա, հաստատել է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդի դեր ստանձնած Պակիստանի արտգործնախարարը՝ կոչ անելով դադարեցնել հարվածները:

«Նման հարձակումները վտանգի տակ են դնում անմեղ կյանքեր, խախտում են միջազգային իրավունքը և լուրջ սպառնալիք են նավարկության ազատության, ծովային անվտանգության և Կարմիր ծովում առևտրային նավագնացության անվտանգության համար», - հայտարարել է Իսհաք Դարը:

Պակիստանի արտգործնախարարության մամուլի խոսնակն էլ հայտարարել է, որ Իսլամաբադն աշխատում է Իրանին և ԱՄՆ-ին «բանակցային սեղանի շուրջ բերելու» և խաղաղության գործընթացը խաթարելու ջանքերը կանխելու ուղղությամբ։ Թահիր Անդրաբին հայտնել է, որ Պակիստանի փոխվարչապետը և փոխարտգործնախարարը օրեր առաջ են իրանական հարցով բանակցել Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Իրանի պաշտոնյաների հետ։ Պակիստանի ներքին գործերի նախարարն էլ այցելում է Թեհրան, ինչը, ըստ Անդրաբիի, ևս մեկ հնարավորություն է՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգությունը։

Ու մինչ տարածաշրջանում իրավիճակը մնում է լարված արդեն վեց ամիս ձգվող ամերիկա - իրանական հակամարտության պատճառով, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նորանշանակ քարտուղարը հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը վերաբացվի, ապա պետք է դադարեցնի Իրանի դեմ պատերազմը և ապասառեցնի իրանական սառեցված միջոցները:

Մոհսեն Ռեզային շեշտել է՝ քանի դեռ Վաշինգտոնը «չի փոխել իր վարքագիծը և չի ընդունել Իրանի պայմանները», Թեհրանը չի վերաբացի ջրային այս կարևորագույն ուղին, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ մեկ հինգերորդը:

«Իրանի ուղերձը հստակ է. Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, մինչև ԱՄՆ-ն չդադարեցնի պատերազմն ու շրջափակումը, չապասառեցնի Իրանի սառեցված ակտիվները և չհամաձայնի տարածաշրջանային հրադադարի, այդ թվում՝ Լիբանանում և Գազայում: Մինչև բոլոր պայմանները չբավարարվեն, նեղուցը փակ կմնա», - պնդել է Ռեզային:

Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարն էլ «պատրանք» է որակել լուրերը, թե ԱՄՆ-ն կարող է ցամաքային գործողություն սկսել Իրանում: «Այսօր երկրի սահմանները լիովին անվտանգ են և անխոցելի՝ սահմանապահների լիակատար զգոնության և սահմանին բնակվողների անսասան աջակցության շնորհիվ», - ասել է գեներալ Ալի Աքբար Ջավիդանը:

Մինչ այդ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ եթե Իրանը մարտահրավեր նետի ԱՄՆ-ին, ապա կզղջա դրա համար։ Դոնալդ Թրամփը պնդել էր, թե ամերիկյան զինուժն է վերահսկում Հորմուզի նեղուցը, նաև նշել, որ չի վստահում իրանցիներին:

«Ես վերջին մարդն եմ, որը վստահում է Իրանին։ Նրանք մշտապես ստել են ինձ: Մենք այս պահին լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Նրանք վերահսկողություն չունեն», - վստահեցրել է Թրամփը:

Վաշինգտոնը և Թեհրանը հունիսի 17-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով հրադադար հաստատեցին, ինչպես նաև 60-օրյա ժամկետ սահմանեցին պատերազմի վերջնական դադարեցման շուրջ բանակցությունների համար։ Սակայն օրեր անց կողմերը խախտեցին հրադադարը: Փոխըմբռնման հուշագրով սահմանված 60-օրյա ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հրադադարի երկարաձգման վերաբերյալ քննարկումներ չեն եղել, քանզի համաձայնագիրը հրադադարի մեկնարկի ամսաթիվ չի սահմանում, ուստի երկարաձգելու բան չկա: Ըստ պաշտոնյայի, ում անունը չի նշվում, ԱՄՆ-ն պետք է վերադառնա համաձայնագրի իրականացմանը և սահմանի իր պարտավորությունները կատարելու ժամկետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պակիստանից հայտնում են հրադադարը երկարաձգելու՝ ԱՄՆ-ի և Իրանի համաձայնության մասին․ Թեհրանը հերքում էԱՄՆ-ն Օմանի ծոցում առևտրային նավ է խոցել․ Կարմիր ծովում հութիների հարձակումից զոհերի թիվը հասել է վեցիԹրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավըՀութիները առևտրային նավ են խոցելԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների դիմելը վտանգավոր «կախվածություն» է. Իրանի ԱԳՆԹրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համարՏարածաշրջանի երկրների՝ ԱՄՆ-ի նկատմամբ ընկալումը փոխվել է. Իրանի ԱԳՆՕմանի հետ համաձայնագիրը «վերջնական փուլում է», սակայն Հորմուզը բացելու համար ԱՄՆ-ը պետք է գործի. ԱրաղչիԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է»ԻՀՊԿ-ն հայտարարել է՝ Հորմուզի նեղուցի վերաբացումը կախված չէ Օմանի հետ բանակցություններիցԱՄՆ պաշտոնյա. «Ակնկալում ենք, որ շուտով Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիր կկնքվի»