ԱՄՆ-ը դեռ գոհ չէ Իրանի հետ հնարավոր համաձայնագրից. Թրամփ

Միացյալ Նահանգները դեռ գոհ չէ Իրանի հետ հնարավոր համաձայնագրից, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը կառավարության նիստի ժամանակ:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասել է, թե բանակցություններում որոշակի առաջընթաց կա, և առաջիկա մի քանի ժամերի և օրերի ընթացքում պարզ կլինի՝ հնարավո՞ր է առաջ շարժվել: Մի բան, սակայն, հաստատ է՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, ընդգծել է նա:

«Եթե վերջին իրադարձություններն ինչ-որ բան ցույց տվեցին, ապա դա այն է, որ դրանք մեզ ևս մեկ անգամ հիշեցրեցին, որ Իրանն աշխարհում ահաբեկչության առաջատար հովանավորն է։ Եվ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա», - հայտարարել է Ռուբիոն:

Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում մեղմել Իրանի նկատմամբ պատժամիջոցները:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն իր պատժամիջոցների ցանկում է ներառել Պարսից ծոցի նեղուցի նորաստեղծ վարչությունը, որը համակարգում է Հորմուզով երթևեկությունը:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Թրամփի հռետորաբանությունը չի ստիպի Իրանին հրաժարվել ուրանը հարստացնելու, Հորմուզի նեղուցը վերահսկելու իրավունքից և իր դեմ պատժամիջոցները չեղարկելու պահանջից: «Ակնհայտ է, որ Թրամփը, ձգտելով այս ռազմավարական փակուղուց դուրս գալու ուղի գտնել, անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում և համաձայնության կոչ անում», - սոցցանցում գրել է նա:

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղարն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ապասառեցնի իրանական բոլոր սառեցված ակտիվները: Ալի Բաղերի Քանին ասել է, որ բոլոր ակտիվները պետք է վերադարձվեն առանց պայմանների, քանզի դա Իրանի ժողովրդի օրինական իրավունքն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ զինուժը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարվածել է ԻրանինԸստ Թրամփի՝ Իրանում ինտերնետի վերականգնումը գործարք ցանկանալու ազդակ էԱՄՆ - Իրան նախնական հուշագրի մանրամասներ են հրապարակվելԱՄՆ-ն հարվածել է Իրանի հարավին, Թեհրանից սպառնում են՝ նոր պատերազմի դեպքում դաժան հարվածներ կլինեն