«Սեպտեմբերի 11»-ի 25-րդ տարելիցին ԱՄՆ-ում հիշատակի միջոցառումներ անցկացվեցին

Միացյալ Նահանգներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունների 25-րդ տարելիցին:

Ուրբաթ առավտյան ժամը 8:46՝ նույն ժամին, երբ ահաբեկիչների առևանգած օդանավերից առաջինը հարվածեց երկնաքերներից առաջինին, հիշատակի միջոցառում է կայացել Ground Zero-ում՝ ավերված երկնաքերների վայրում: Մանկական երգչախումբը կատարել է ԱՄՆ օրհներգը, ապա բարձրաձայն ընթերցվել են բոլոր 2977 զոհերի անունները:

Արարողությանը ներկա էին ԱՄՆ նախկին նախագահները, ովքեր պաշտոնավարել են անցած 25 տարիներին՝ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օմաբան և Ջո Բայդենը: Գործող վարչակազմը ներկայացրել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Պենտագոն, որը նույնպես 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակման թիրախներից էր: Նրան ուղեկցել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը:

Թրամփը «Սեպտեմբերի 11»-ի 25-րդ տարելիցին նվիրված իր հայտարարությունում մասնավորապես ասել է. - «Մենք պետք է պաշտպանենք մեր ինքնիշխանությունը, մեր արժեքները և ապրելու մեր բնական սուրբ իրավունքը, ազատությունը և երջանկության ձգտումը: [...] Եվ գլխավորը՝ մենք պետք է այնպես անենք, որ «Սեպտեմբերի 11»-ի մասին հիշողությունը երբեք չջնջվի պատմության մեջ, այլ մնա ամերիկացիների մի սերնդից մյուսին փոխանցվող կենդանի ժառանգություն»:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամները երկու օդանավ ուղղեցին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կազմակերպության զույգ աշտարակներին՝ ավերելով դրանք: Եվս մեկ օդանավ մխրճվեց Պենտագոնի համալիրի մեջ, չորրորդ օդանավը վայր ընկավ Փենսիլվանիա նահանգում:

Տե՛ս նաև այստեղ