Միացյալ Նահանգներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունների 25-րդ տարելիցին:
Դեռ նախօրեին երեկոյան Նյու Յորքում զոհերի թվով՝ 2977 անօդաչու թռչող սարքերով ձևավորել են Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերների ուրվագիծը:
Ուրբաթ առավտյան ժամը 8:46՝ նույն ժամին, երբ ահաբեկիչների առևանգած օդանավերից առաջինը հարվածեց երկնաքերներից առաջինին, հիշատակի միջոցառում է կայացել Ground Zero-ում՝ ավերված երկնաքերների վայրում: Մանկական երգչախումբը կատարել է ԱՄՆ օրհներգը, ապա բարձրաձայն ընթերցվել են բոլոր 2977 զոհերի անունները՝ նրանց հարազատների կողմից, որոնցից շատերը կարճ խոսք են ուղղել իրենց նահատակներին:
Արարողությանը ներկա էին ԱՄՆ նախկին նախագահները, ովքեր պաշտոնավարել են անցած 25 տարիներին՝ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օմաբան և Ջո Բայդենը: Գործող վարչակազմը ներկայացրել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Սեպտեմբերի 11»-ի զոհերի ընտանիքների ասոցիացիայի նախագահ Թերի Սթրադան խախտել է ավանդույթը, ըստ որի՝ հիշատակի միջոցառումներին քաղաքական հայտարարություններ չեն արվում, և իր խոսքում պահանջել է պատասխանատվության ենթարկել Սաուդյան Արաբիայի իշխանություններին: «25 տարի մի կառավարությունը մյուսի հետևից, այդ թվում՝ այստեղ կանգնածները, քողարկել են սաուդցիներին՝ զոհվածների ընտանիքների կողքին լինելու փոխարեն: Նախագահ Թրամփը կարող է դա փոխել: Շնորհակալություն փոխնախագահ Վենսին, որ եկավ այստեղ», - հայտարարել է Սթրադան:
Նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Պենտագոն, որը նույնպես 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակման թիրախներից էր: Նրան ուղեկցել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը:
Երկուսն էլ իրենց խոսքերը սկսել են զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով, սակայն արագ անցել են Իրանում ռազմական գործողությանը: «Մենք նախկինի պես ուղարկում ենք ահաբեկիչներին այնտեղ, ուր նրանց ճանապարհն է՝ դժոխք, իսկ լցանավերը՝ օվկիանոսի հատակը, ուր նրանց տեղն է», - հայտարարել է Հեգսեթը:
Թրամփը «Սեպտեմբերի 11»-ի 25-րդ տարելիցին նվիրված իր հայտարարությունում մասնավորապես ասել է. - «Մենք պետք է պաշտպանենք մեր ինքնիշխանությունը, մեր արժեքները և ապրելու մեր բնական սուրբ իրավունքը, ազատությունը և երջանկության ձգտումը: [...] Եվ գլխավորը՝ մենք պետք է այնպես անենք, որ «Սեպտեմբերի 11»-ի մասին հիշողությունը երբեք չջնջվի պատմության մեջ, այլ մնա ամերիկացիների մի սերնդից մյուսին փոխանցվող կենդանի ժառանգություն»:
Երեկոյան Նյու Յորքում երկինք է ուղղվել լույսի երկու վառ ճառագայթ՝ ի հիշատակ ողբերգության զոհերի:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամները երկու օդանավ ուղղեցին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կազմակերպության զույգ աշտարակներին՝ ավերելով դրանք: Եվս մեկ օդանավ մխրճվեց Պենտագոնի համալիրի մեջ, չորրորդ օդանավը վայր ընկավ Փենսիլվանիա նահանգում:
Այդ իրադարձություններից հետո ԱՄՆ-ը վերանայեց անվտանգության համակարգը, սկսվեց ահաբեկչության դեմ լայնածավալ պայքար, այդ թվում՝ արտերկրում, ողբերգության հետևանքներն արտացոլվեցին քաղաքականության մեջ, հասարակությունում և միջազգային հարաբերություններում: