ԱՄՆ-ն «պատրաստ է ռազմական գործողություններին», բայց շարունակում է դիվանագիտական ուղին. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս, 19-ը մայիսի, 2026թ․

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախօրեին հայտարարել է, որ երկրի բանակը գտնվում է մարտական բարձր պատրաստվածության վիճակում, և Միացյալ Նահանգները այնպիսի գործարք չի կնքի Իրանի հետ, որը երկրին թույլ կտա միջուկային զենք ունենալ։

Վենսի պնդմամբ՝ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը տարածաշրջանը կներքաշի սպառազինության մրցավազքի մեջ, ինչն աշխարհը պակաս անվտանգ կդարձնի։

Փոխնախագահ Վենսը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել Թեհրանի հետ գործարքի կնքման ուղղությամբ՝ հավելելով, սակայն, որ «տանգո պարելու համար երկու հոգի է պետք»։

Անդրադառնալով ԱՄՆ-Իրան ընդհատվող բանակցություններին՝ Վենսը խոսել է «մեծ առաջընթացի» մասին՝ ավելացնելով, որ Վաշինգտոնի կարծիքով՝ Թեհրանը նույնպես ցանկանում է գործարքի գնալ։

Փոխնախագահն ընդգծել է, որ «ԱՄՆ նպատակներին հասնելու համար» ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը պահպանվում է, միևնույն ժամանակ հավելել, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում դա։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն առաջիկա օրերին կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին, եթե դիվանագիտական ջանքերը չհանգեցնեն Թեհրանի հետ համաձայնություն ձեռք բերելուն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հետաձգեց Իրանի դեմ այսօր ծրագրված նոր հարվածներըՊատերազմը դադարեցնելու Իրանի վերանայված առաջարկը փոխանցվել է ԱՄՆ-ին. Reuters