ԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել հարձակումները Հորմուզում, և $10 մլն խոստանում իրանցի գեներալի մասին տեղեկության համար

Վաշինգտոնը չի պատրաստվում բանակցել Թեհրանի հետ, քանի դեռ իրանական ուժերը չեն դադարեցրել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումները, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը: Ջեյ Դի Վենսն ասել է, որ Իրանին ԱՄՆ-ի ուղերձն այս հարցում շատ պարզ է և այդպես է եղել ամենասկզբից:

«Դուք պետք է դադարեք կրակել առևտրային նավերի վրա: Ամեն ինչ այնքան պարզ է... Նախագահը շատ հստակ է եղել. մենք չենք բանակցելու նրանց հետ: Չենք բանակցելու, մինչև չդադարեն առևտրային նավերի վրա կրակել»,- ասել է փոխնախագահը։

Ըստ Վենսի՝ Իրանը կորցնում իր գլխավոր լծակը

Վենսը պնդել է, թե Իրանն ամեն օր կորցնում է իր ռազմական կարողությունները։ Ըստ նրա՝ Թեհրանում շատ լավ գիտակցում են, որ զրկվել են Հորմուզի նեղուցի նկատմամբ իրենց վերահսկողությունից, և որ դա որպես լծակ աստիճանաբար պակաս արժեքավոր է դառնում։ Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ եթե ռազմական գործողությունների ժամանակ նեղուցով ոչ մի նավ չէր անցնում, ապա փոխադրվող նավթի և գազի ծավալներն այժմ գրեթե վերադարձել են նախապատերազմական մակարդակին, թեև նավագնացությանը հետևող կազմակերպությունները հաղորդում են, որ նեղուցով շատ քիչ նավ է անցնում:

«Իրանցիները կցանկանային տեսնել զրո բարել նավթ փոխադրվեր Հորմուզի նեղուցոց։ Երեկ երեկոյան 15 միլիոն բարել նավթ է դուրս եկել նեղուցից։ Սա ԱՄՆ-ի շնորհիվ է։ Եթե մենք դա չանենք, ոչ ոք չի անի։ Եվ եթե ոչ ոք չանի, մենք կբախվենք համաշխարհային էներգետիկ աղետալի ճգնաժամի»,- ասել է Ջեյ Դի Վենսը։

Հարսանեկան խնջույքին հարվածի հանգամանքները կպարզվեն

ԱՄՆ փոխնախագահն անդրադարձել է նաև Իրանում հարսանեկան արարողության ժամանակ բնակելի տանը օրերս հասցված հարվածին, ինչի հետևանքով, ըստ իրանական կողմի, առնվազն հինգ մարդ է զոհվել, վիրավորվել շուրջ 70-ը։

Կուհիստիկում հարսանեկան խնջույքի ընթացքում տեղի ունեցած հարձակման հետևանքները

Վենսն ասել է, որ Վաշինգտոնը հետաքննում է, որպեսզի պարզի հարվածի հանգամանքները: Միաժամանակ նա վստահեցրել է, թե ի տարբերություն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի, ամերիկյան զինուժը երբեք խաղաղ բնակիչների չի թիրախավորում։ «Ցավոք, ակնհայտորեն երբեմն այսպիսի բաներ պատահում են»,- ասել է նա։ Մինչ այդ էլ ԱՄՆ զինուժն էր հայտարարել, որ խաղաղ բնակիչների դիտավորյալ չեն թիրախավորում:

Թրամփը չի ափսոսում Իրանի վրա հարձակման համար

ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է, որ «ճիշտ է վարվել», երբ փետրվարին որոշել է հարձակվել Իրանի վրա: Բրիտանական GB NEWS-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը կրկնել է՝ եթե չհարձակվեին, ապա Իրանը միջուկային զենք կունենար:

«Երբ մարդիկ հարցնում են՝ ուրա՞խ եք, որ դա արեցիք։ Ես ասում եմ՝ անկասկած, որովհետև ես կանխեցի նրանց կողմից միջուկային զենք ձեռք բերելը … Նրանք միջուկային զենք չեն ունենա։ Ոչ, ես ճիշտ արեցի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին

Իրանում իշխանափոխությունը՝ Իսրայելի գլխավոր նպատակ

Իսրայելի վարչապետն էլ, որն Իրանը գոյաբանական սպառնալիք է համարում Իսրայելի համար, հայտարարել է, որ Իրանում իշխանափոխությունն իր երկրի «գլխավոր խնդիրն» է: Բենիամին Նեթանյահուն վստահեցրել է, որ այդ նպատակն իրագործելի է և իրենք կարող են «մեկընդմիշտ վերացնել սպառնալիքը՝ տապալելով Իրանի ռեժիմը»։ «Այս ռեժիմն այժմ երերում է։ Այն ավելի թույլ է, քան երբևէ և պայքարում է գոյատևման համար … Դա մեր առջև դեռ կանգնած գլխավոր խնդիրն է: Բայց դրա իրագործմը մոտ է։ Դա անհնար չէ»,- ասել է նա:

Իրանը պատրաստ է ցանկացած առճակատման

Թեհրանից արձագանքել են՝ պատրաստ են պատասխանել ցանկացած առճակատման այսօր և ապագայում, քանի դեռ որևէ սպառնալիք կա: Իրանի Հակաօդային պաշտպանության ուժերի միացյալ հրամանատար, գեներալ Ալիռեզա Էլհամին վստահեցրել է, որ իրանական հակաօդային պաշտպանությունը «հասել է լիակատար ինքնաբավության»:

10 մլն դոլար՝ իրանցի գեներալի մասին տեղեկության համար

Լուսանկարում՝ Ամիր Յարյաբը

Ի դեպ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ մինչև 10 միլիոն դոլար պարգև է խոստանում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Կիբեռէլեկտրոնային հրամանատարության բարձրաստիճան պաշտոնյա Ամիր Յարյաբի գտնվելու վայրի մասին: Նշվում է, որ հենց նա է ղեկավարել ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի կարևորագույն ենթակառուցվածքային ոլորտների վրա մի շարք կիբեռգործողություններ: