ԱՄՆ-ը կրկին «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանն ի պատասխան Քուվեյթին է հարվածել

Ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգ, արխիվ

Միացյալ Նահանգները կրկին «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել իրանական ենթակառուցվածքներին, ինչին ի պատասխան Իրանն էլ հարվածել է Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակից Քուվեյթին։

Գործողությունը առնվազն երրորդ հրապարակայնորեն հայտարարված ամերիկյան «ինքնապաշտպանական» հարվածն է Իրանի թիրախներին՝ ապրիլի սկզբին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածներով ամերիկյան կողմը մասամբ պատասխանում էր նաև իրանական զինուժի կողմից ամերիկյան անօդաչուի խոցմանը, որն, ըստ Վաշինգտոնի, անցնում էր միջազգային ջրերի վրայով։

Գործողության ընթացքում որևէ ամերիկացի զինծառայող չի զոհվել, հայտնում են Կենտրոնական հրամանատարությունից։ Իրանական կողմի հնարավոր տուժածների մասին չի հաղորդվում։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ թիրախավորել է ավիաբազա, որը, նրանց պնդմամբ, ԱՄՆ ուժերն օգտագործել էին վերջին հարձակումներն իրականացնելու համար։ Թե որ երկրում է գտնվում այդ բազան, չի հստակեցվել։

Քուվեյթի բանակը, սակայն, հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը «թշնամական հրթիռներ և անօդաչուներ» են որսացել, երկրում գործադրվել էին նաև էլեկտրական շչակները։

Քուվեյթից չեն հստակեցրել անօդաչուների և հրթիռների ծագումը, սակայն հայտնի է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ պատերազմի ընթացքում Իրանը թիրախավորել է ծոցի ամերիկյան դաշնակիցներին, ներառյալ՝ Քուվեյթին։

ԱՄՆ-ն ու Իրանը ապրիլի 8-ից անժամկետ հրադադարի ռեժիմում են գտնվում, թեև ռազմական գործողությունների տարբերակը, Դոնալդ Թրամփի խոսքով, մնում է սեղանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ զինուժը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարվածել է Իրանին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն հայտարարում է՝ «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել ԻրանինՎաշինգտոնը մոտենում է Իրանի հետ «շատ լավ գործարքի»․ ԹրամփԱՄՆ - Իրան նախնական հուշագրի մանրամասներ են հրապարակվել