ԱՄՆ-ն և Իրանը վերսկսել են փոխադարձ հարվածները

Հորմուզի նեղուցը, արխիվ

Մոտ մեկ ամիս պահպանված հրադադարից հետո ԱՄՆ-ն և Իրանը վերսկսել են փոխադարձ հարվածները: Նախ ամերիկյան զինուժը հարվածել է իրանական Լարակ կղզում գտնվող հրթիռների արձակման երկու կայանքի։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ «սահմանափակ և ճշգրիտ գործողություն» է իրականացրել իրանական ուժերի դեմ, որոնք պատրաստվում էին ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում և «անմիջական սպառնալիք» էին ներկայացնում:

Իրանական կողմը հայտնել է, որ անօդաչուով այս հարձակման հետևանքով զինվորականներ և խաղաղ բնակիչներ են զոհվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Իրանական ուժերն իրենց հերթին բալիստիկ հրթիռներ են արձակել Հորդանանում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների ուղղությամբ։ Հորդանանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկրի զինուժը օդային տարածք ներխուժած ութ հրթիռ է խոցել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի դեմ պատերազմից 6 ամիս անց․ 4 բան, որ կարող են որոշել ապագան

Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ իրանական զինուժն անօդաչուներով հարձակվել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան ավիաբազայի վրա։ Աբու Դաբին հայտարարել է, որ ավիաբազան չի տուժել, նաև դատապարտել է իրանական հարձակումները: Mehr գործակալության փոխանցմամբ՝ իրանական կողմը Հորմուզում ամերիկյան MQ-9 անօդաչու է խոցել:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Հորմուզն առանց Թեհրանի թույլտվության անցնել փորձած լցանավ է պայթել ականի վրա, ինչից հետո հրդեհվել է և կանգ առել: Կորպուսը զգուշացրել է՝ նեղուցն անցնելու համար Իրանի թույլտվությունը պարտադիր է, և նույն ճակատագիրն է սպասվում բոլոր նավերին, որոնք կփորձեն կարևորագույն այս ջրուղին անցնել առանց Իրանի համաձայնության:

«Նավագնացությամբ զբաղվող ընկերությունները չպետք է տրվեն երեխաներ սպանող ամերիկյան բանակի սադրանքներին և չպետք է անհարկի վտանգեն իրենց նավերի անձնակազմի կյանքն ու ունեցվածքը», - ասված է հայտարարությունում:

Մինչ կողմերը փոխադարձ հարվածների մասին էին հաղորդում, ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե Իրանը «ձախողված և մեռած պետություն» է: Դոնալդ Թրամփը կրկնել է պնդումները, թե Իրանն այլևս չունի նավատորմ և օդուժ, իրանական արժույթը «300 տոկոսով» արժեզրկվել է, իսկ պետությունը չի վճարում իր զինվորներին կամ ոստիկանությանը։

«Միակ բանը, որ նրանք ունեն, ԱՄՆ-ի մասին կեղծ լուրերն են, սեփական ցուցարարներին սպանելու պատրաստակամությունը և կեղծ նարատիվներ հյուսելու հմտությունը», - նշել է Դոնալդ Թրամփը:

Մինչ այդ էլ Թրամփը Իրանի էներգետիկ հանգույց Խարգ կղզու վրա հարձակման մասին արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութ էր հրապարակել: Գրառմանը կից Սպիտակ տան ղեկավարը գրել էր, թե «փշուր-փշուր է արվում» կղզին, որտեղից արտահանվում է իրանական նավթի մեծ մասը։

«Ագրեսիայի դեպքում ձեռքներս ծալած չենք նստի». Փեզեշքիան

Իրանի պետական նավթային ընկերության ղեկավարը ծաղրել է Թրամփի տեսանյութը՝ նշելով, որ նրա գրառումները «ծիծաղելի են», իսկ նավթի արտահանումը կղզուց չի դադարել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում պատերազմել, սակայն երկրի դեմ ագրեսիայի ոչ մի դրսևորում անպատասխան չի մնա:

«Առ այսօր սա է եղել մեր ուղերձն աշխարհին։ Սակայն ագրեսիայի դեպքում ձեռքներս ծալած չենք նստի. մենք կարող ենք վճռական պատասխան տալ: Այս տարածաշրջանում անկայունությունը կազդի բոլորի վրա և լուրջ խնդիրներ կստեղծի. անկայունությունը ոչ մի երկրի շահերից չի բխում», - ընդգծել է Փեզեշքիանը։

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ պետք է վերջ տրվի օտարների ներկայությանը տարածաշրջանում: Քազեմ Ղարիբաբադին նշել է, որ ԱՄՆ-ն պետք է «լրջորեն սերտի այս դասը», որպեսզի հետագայում «չկրկնի իր ագրեսիան»։

Բանակի գլխավոր խոսնակն էլ հայտարարել է, որ Թրամփը չի կարող անգամ «երազել Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք դարձնելու փորձի մասին»։ Բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեքարչին ասել է, որ թույլ չեն տա, որ ԱՄՆ-ն ներկայություն ունենա այս տարածաշրջանում: «Մենք վճռական ենք տրամադրված ամերիկացիներին Արևմտյան Ասիայի տարածաշրջանից վտարելու հարցում», - ասել է նա։

Փոխադարձ նոր հարվածների ֆոնին նավթի գինը շարունակել է աճել և հասել է 90 դոլարի մեկ բարելի դիմաց:

Ծոցի մի շարք երկրներ կոչ են արել թուլացնել լարվածությունը և լիովին վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 1/5-րդը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արաղչին Նեթանյահուին «սողուն» է անվանել Խամենեին Ծոցի երկրների ղեկավարներին կոչ է արել դիմակայել «իրական թշնամուն»Իրանը «ոչ կների, ոչ էլ կմոռանա այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը». ԱրաղչիՎաշինգտոնը և Թեհրանը հայտարարում են՝ այս պահին չեն բանակցում