ԱՄՆ-ն և Իրանը պատրաստվում են հանդիպել Պակիստանում՝ բանակցելու պատերազմն ավարտելու շուրջ, մինչ Հորմուզի նեղուցի և Իսրայելի կողմից Լիբանանի ռմբակոծության շուրջ վեճի պատճառով խաղաղության հեռանկարը մնում է մշուշոտ:
Ակնկալվում է, որ հանդիպմանն ամերիկյան կողմը կներկայացնեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, իսկ իրանականը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Դեռ պարզ չէ՝ բանակցությունները կսկսվեն այսօ՞ր, թե՞ վաղը: Սակայն մայրաքաղաք Իսլամաբադում այսօր և վաղը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել. փակ է դեպի Կարմիր գոտի տանող գլխավոր պողոտան, որտեղ կարևորագույն կառավարական շենքերն են: Նաև մեծ թվով անվտանգության ուժեր են տեղակայվել: Նման միջոցներ սովորաբար ձեռնարկվում են դիվանագիտական խոշոր միջոցառումների համար։
Իրանը «շատ վատ աշխատանք» է անում Հորմուզի նեղուցով նավթի անցումն ապահովելու հարցում. Թրամփ
Ու մինչ աշխարհն ուշի-ուշով սպասում է, թե ինչ կբանակցեն կողմերը, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը «շատ վատ աշխատանք» է անում Հորմուզի նեղուցով նավթի անարգել անցումն ապահովելու հարցում: Դոնալդ Թրամփը սոցցանցում դժգոհել է, թե դա նույնիսկ անպատվաբեր է և այն չէ, ինչի շուրջ համաձայնել են:
«Կան լուրեր, որ Իրանը վճարներ է գանձում Հորմուզի նեղուցով անցնող տանկերներից։ Ավելի լավ է չանեն նման բան, իսկ եթե անում են, ապա ավելի լավ է հիմա դադարեցնեն», - նշել է ԱՄՆ նախագահը:
Պատերազմի ողջ ընթացքում Թրամփը պահանջել է բացել Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Թեհրանն էլ հայտարարում է, որ նեղուցն ամբողջությամբ կբացվի, երբ Իսրայելը դադարեցնի հարվածները Լիբանանին: Իսկ մինչ այդ միայն սահմանափակ թվով նավեր են անցնում, այն էլ՝ Իրանի հետ համակարգմամբ:
Իրանական ժողովուրդը «վճռական հաղթանակ» է տարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում. Մոջթաբա Խամենեի
Իրանի նոր գերագույն առաջնորդը, որը պատերազմի առաջին իսկ օրը վիրավորվելուց և այս պաշտոնում ընտրվելուց հետո դեռ չի ներկայացել հանրությանը, երեկ հերթական տեքստային ուղերձն է հղել՝ հայտարարելով, որ իրանական ժողովուրդը «վճռական հաղթանակ» է տարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմում:
Պետական հեռուստաընկերությունով ընթերցված ուղերձում Մոջթաբա Խամենեին հայտնել է, որ Իրանը Հորմուզի նեղուցի կառավարման նոր փուլի կանցնի: Սակայն չի մանրամասնել, թե ինչ է դա ենթադրում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոջթաբա Խամենեին հայտարարել է՝ Հորմուզի նեղուցի կառավարումը կմտնի նոր փուլԽամենեին Իրանի հարավային հարևաններին հորդորել է չհավատալ «սատանայի խոստումներին ու ստերին», որը բաց չի թողնի նրանց նվաստացնելու և շահագործելու ոչ մի առիթ: Նաև շեշտել է՝ Իրանը պատերազմ չի ուզում, սակայն կպաշտպանի իր իրավունքները. «Մենք չենք ձգտել և չենք ձգտում պատերազմի, բայց ոչ մի կերպ չենք հրաժարվի մեր իրավունքներից: Եվ այս առումով դիմադրության բոլոր ճակատները դիտարկում ենք որպես ամբողջություն»։
Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանում «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին
Պատերազմի 42-րդ օրը Իսրայելը շարունակել է հարվածները Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին Լիբանանում: Իրանի աջակցությունը վայելող շարժումը պատասխան հարվածներ է հասցրել: Կան զոհեր և վիրավորներ:
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Լիբանանում հրադադար չկա և չի լինի, մինչև վստահ չլինեն, որ վերականգնել են իսրայելցիների անվտանգությունը: Բենյամին Նեթանյահուն նաև ասել է, թե հաշվի առնելով ուղիղ բանակցելու՝ Լիբանանի բազմաթիվ խնդրանքները, երեկ կառավարությանը հանձնարարել է հնարավորինս շուտ բանակցություններ սկսել:
«Երկու նպատակի հասնելու համար. առաջինը «Հեզբոլա»-ի զինաթափումն է, երկրորդը Իսրայելի և Լիբանանի միջև պատմական, կայուն խաղաղության համաձայնագիր կնքելը», - ասել է Նեթանյահուն։
France Press գործակալության տվյալներով՝ բանակցությունները կանցկացվեն հաջորդ շաբաթ՝ Վաշինգտոնում: