ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել Հորմուզում

Իրանի ռազմանավից հրթիռ է արձակվում, 8-ը մայիսի, 2026թ.

Ամերիկյան և իրանական ռազմածովային ուժերի միջև գիշերը բախում է տեղի ունեցել Հորմուզի նեղուցում՝ երկու օր անց այն բանից հետո, երբ Թեհրանը
հայտարարեց, որ ուսումնասիրում է պատերազմն ավարտելու վերաբերյալ ամերիկյան վերջին առաջարկը և իր տեսակետը կփոխանցի միջնորդ Պակիստանին:

Ընդ որում, հասկանալի չէ, թե ով է առաջինը կրակ բացել։ Իրանի ռազմական հրամանատարությունը պնդում է, որ ԱՄՆ-ն թիրախավորել է Հորմուզի նեղուցին մոտեցող իրանական նավթատարը և մեկ այլ նավ, ինչպես նաև ավիահարվածներ է հասցրել իրանական ափամերձ մի քանի տարածքների, մասնավորապես՝ Բանդար Խամիր և Սիրիկ շրջաններին, նաև Քեշմ կղզու ափերին։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ պայթյուններ են լսվել նաև Թեհրանի արևմուտքում:

Մինչդեռ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իրանական ուժերն են «բազմաթիվ հրթիռներով, անօդաչուներով և փոքր նավակներով» հարձակվել նեղուցից դուրս եկող ամերիկյան երեք ռազմանավերի վրա: ԱՄՆ ռազմածովային ուժերն էլ պատասխանել են և վերացրել սպառնալիքները: Հարվածել են նաև իրանական ռազմական օբյեկտներին, որոնք պատասխանատու են եղել հարձակման համար:

«Կենտրոնական հրամանատարությունը չի ձգտում սրել իրավիճակը, այլ մնում է իր դիրքերում և պատրաստ է պաշտպանել ամերիկյան ուժերը», - ասվում է հրամանատարության հայտարարությունում:

ԱՄՆ նախագահն էլ սոցցանցում պնդել է, թե ամերիկյան կողմին վնաս չի պատճառվել: Դոնալդ Թրամփը նաև Իրանի ղեկավարությանը «խելագար» է անվանել, նշել, թե ցանկանում է, որ Իրանն արագ համաձայնի խաղաղության համաձայնագրին, ապա կրկին սպառնացել: «Մենք նրանց շատ ավելի ուժեղ կհարվածենք ապագայում, եթե շտապ չստորագրեն համաձայնագիրը», - գրել է նա։


Իրանի կենտրոնական հրամանատարության խոսնակը, սակայն, հայտարարել է, որ իրանական հարվածները «զգալի վնաս են հասցրել թշնամուն»: «ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է իմանան, որ Իրանը վճռականորեն և առանց տատանվելու կարձագանքի ագրեսիայի ցանկացած գործողության», - հայտարարել է նա:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ. Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանումՊարսից ծոցում արգելափակված է 1,500 նավ, անձնակազմերի 20,000 անդամ․ ՄԾԿ գլխավոր քարտուղարԹրամփն ու ֆոն դեր Լայենը հեռախոսով խոսել են Իրանի խնդրիցԻրանը հերքում է իր առնչությունը Հորմուզում հարավկորեական նավին հասցված վնասինՄակրոնը հայտնել է, որ Փեզեշքիանի հետ քննարկել է Հորմուզի հարցըՎաշինգտոնը ժամանակավոր դադարեցնում է Հորմուզի վերաբացումը, Թեհրանը դա որպես հաղթանակ է ներկայացնում