«Մենք 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար», - Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այսօր հայտարարեց Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որ պետք է կերտվի, կայուն կլինի: Դա նշանակում է հետագա լրացուցիչ աշխատատեղերի բացում, լրացուցիչ ներդրումներ, - նշեց Ջեյ Դի Վենսը՝ հավելելով, - այն ինչ կատարվում է այստեղ պատմական նշանակություն ունի, ես,իրոք, հպարտ եմ, որ ԱՄՆ-ի առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցում է այս երկիր»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց.- «Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել ԱԹՍ-եր, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով: Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառք ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար», - ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վենսն ու Ալիևն ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցինՋեյ Դի Վենսը Ամերիկայի առաջին փոխնախագահն է, որ նորանկախ պատմության մեջ երբևէ եկել է Հայաստան: Վաղը նա Երևանից Բաքու կմեկնի:
Երևանում հայկական ու ամերիկյան պատվիրակությունների բանակցությունների արդյունքում նաև միջուկային ոլորտում համագորածակցությունը խորացնելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվեց:
Անցած ամիս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Երևանը Վաշինգտոնի հետ սկսում է այդ փաստաթղթի շուրջ բանակցություններ, մանրամասնելով. «Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ և կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներով»։