Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն առաջ է ընթանում շատերի սպասածից ավելի արագ, «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեն, ով հւնիսին այցելել է Ադրբեջան, իսկ օգոստոսին՝ Հայաստան՝ հանդիպելով երկու երկրների ղեկավարների հետ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է ԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեին, Երևան, 18-ը օգոստոսի, 2026թ.
Կոնգրեսականը կանխատեսում է, որ վերջնական խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս պաշտոնավարման ժամկետի ավարտից շատ ավելի շուտ։
Արիզոնայից ընտրված հանրապետական Համադեն, որը Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի և Վետերանների հարցերով հանձնաժողովների անդամ է, Կոնգրեսում ակտիվորեն ներգրավվել է Հարավային Կովկասին վերաբերող հարցերում։
Սեպտեմբերի 9-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Համադեն առաջարկվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը բնութագրել է որպես զուտ տնտեսական ծրագրից շատ ավելին՝ պնդելով, որ այն կարող է քաղաքական և տնտեսական առումով ավելի սերտորեն կապել Հայաստանն ու Ադրբեջանը՝ միաժամանակ Հարավային Կովկասը բացելով արևմտյան առևտրի և ներդրումների համար։
ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող խաղաղության գործընթացի շրջանակում ներկայացված TRIPP-ը նախատեսում է երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքներ, նավթի ու գազի հնարավոր խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային կապի և էլեկտրաէներգետիկ նախագծեր։
«Ազատություն»․ - Դուք վերջերս այցելել եք Ադրբեջան և Հայաստան և հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ։ Ի՞նչ խոչընդոտներ դեռ պետք է հաղթահարվեն, որպեսզի խաղաղության մասին հռչակագիրը վերածվի վերջնական և տևական խաղաղության։
Աբրահամ Համադե․ - Կարծում եմ՝ պետք է նայենք, թե որտեղ էինք ընդամենը մեկ տարի առաջ։ Մեկ տարի առաջ՝ օգոստոսին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանն էին։ Ոչ ոք չէր սպասում, որ նման բան տեղի կունենա, առավել ևս՝ այսքան արագ։ Այնտեղ խաղաղության վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվեց, և հիմա գործընթացը մեծ թափով առաջ է գնում։ Նախագահ Թրամփն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն չափազանց կարևոր դեր են ունեցել, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնիսկ այցելել է տարածաշրջան։ Կարծես ԱՄՆ կառավարության բոլոր մակարդակների պաշտոնյաները հավատարիմ են այս գործընթացին։
Իմ ներգրավվածությունն այս հարցում սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ առանձին հանդիպումներից, ապա ես նրանց համախմբեցի։ Երկուսն էլ եկել են Արիզոնա՝ եղբորս տուն։ Երկուսն էլ մասնակցել են Մար-ա-Լագոյում կազմակերպված միջոցառման։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք, ուստի փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի այս խաղաղությունն ամրապնդվի։
Եթե կան խոչընդոտներ, ապա, անկեղծ ասած, դրանք հիմնականում ժամանակի հետ են կապված։ Տասնամյակներ տևած պատերազմներից հետո զգացմունքների հանդարտման համար ժամանակ է անհրաժեշտ։ Բայց Բաքվում և Երևանում իմ ունեցած փորձից դատելով՝ ամեն ինչ շատ սահուն է ընթանում, և երկու կողմերն էլ լիովին հանձնառու են Հարավային Կովկասում խաղաղություն ու բարգավաճում ապահովելուն։
«Ազատություն»․ - Հաջորդ մարտահրավերը պայմանավորվածությունների իրականացումն է։ Ինչպիսի՞ն պետք է լինի խաղաղությունը գործնականում՝ սահմանների, տրանսպորտի, առևտրի, բանտարկյալների և անվտանգության առումով։
Համադե․ - Այո՛, իհարկե, դեռ որոշ մարտահրավերներ կան։ Կան բանտարկյալներ, որոնց հայերը ցանկանում են վերադարձնել Ադրբեջանից։ Այս բոլոր հարցերի շուրջ յուրաքանչյուր կողմ ունի իր տեսակետը։
Կարծում եմ՝ այն գործոններից մեկը, որը կօգնի, ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններն են, այլև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները, որոնց նշանակությունը, իմ կարծիքով, վերջին շրջանում փոքր-ինչ թերագնահատվել է։ Դեռևս 2022 թվականին երկու կողմերը համաձայնել էին բացել սահմանը՝ սկզբնական փուլում դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Դա դեռ չի իրականացվել։ Հույս ունենք տեսնել սահմանի բացումը, որպեսզի Հայաստանը առևտրի ևս մեկ ուղի ստանա՝ Ռուսաստանից, Վրաստանից կամ Իրանից բացի։ Ուստի պետք է ապահովենք Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը։
Պետք է նաև ապահովենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև TRIPP նախագիծը հաջողությամբ իրականացվի։ Բայց, կրկին, այս ամենից ընդամենը մեկ տարի է անցել, և պատմական չափանիշներով դա շատ կարճ ժամանակ է։ Ամեն ինչ լավ է ընթանում, երկու երկրների ղեկավարներն էլ մեծ ժողովրդականություն են վայելում իրենց երկրներում, և նրանց համար շատ կարևոր է ունենալ ժողովրդի աջակցությունը։
TRIPP․ շատ ավելին, քան պարզապես տնտեսություն
«Ազատություն»․ - Դուք TRIPP-ը բնութագրում եք որպես տարածաշրջանի ապագայի առանցքային նախագիծ։ Առաջարկվող այս ուղին հիմնականում տնտեսական նախագի՞ծ եք համարում, թե՞ մի բան, որն ինքնին կարող է նպաստել տարածաշրջանային խաղաղության երաշխավորմանն ու պահպանմանը։ Եվ եթե TRIPP-ը հետաձգվի կամ քաղաքական պատճառներով արգելափակվի, դա կարո՞ղ է վտանգել խաղաղության գործընթացը։
Համադե․ - Ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու այն պետք է հետաձգվի։ TRIPP-ը շատ ավելին է, քան պարզապես տնտեսությունը։ Իհարկե, այն օգուտ կբերի երկու երկրների տնտեսություններին, բայց նաև կամրապնդի նրանց կապերը և շատ ավելի սերտորեն կկապի միմյանց դիվանագիտական, քաղաքական ու տնտեսական առումներով։
Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են, և երկու երկրների միջև երկար պատմություն կա։ Խաղաղություն, ի վերջո, կնքում ես նրանց հետ, ովքեր քո բարեկամները չեն։ Ուստի դրա համար ժամանակ է պետք։ Բայց ես այնքան վստահ եմ այս TRIPP ուղու հարցում, որն, իհարկե, անվանվել է նախագահ Թրամփի պատվին։ Երբ շինարարությունը սկսվի, իսկ հետո այն ամբողջությամբ գործարկվի, Հարավային Կովկասի համար հնարավորությունների ծավալը հսկայական կլինի։
Հարավային Կովկասի մասին շատ չեն խոսում նաև այն պատճառով, որ շատերը նույնիսկ չգիտեն՝ որտեղ է այն քարտեզի վրա։ Բայց ես, լինելով այնտեղ և ուսումնասիրած լինելով տարածաշրջանի պատմությունը, տեսնում եմ, որ ռուսների ազդեցությունը Հարավային Կովկասում նվազում է, ինչը մեծ առավելություն է Միացյալ Նահանգների համար։ Իրանցիները խիստ թուլացած են և այժմ շեղված են այլ խնդիրներով։ Ուստի Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, նաև Թուրքիայի աջակցությամբ, մեծ ներուժ ունեն դառնալու կամուրջ դեպի Ասիա, հատկապես՝ Կենտրոնական Ասիա, որի նշանակությունը նույնպես շատ է թերագնահատվում։ Խոսքը Կենտրոնական Ասիան Կասպից ծովով, այս TRIPP ուղով, ապա Թուրքիայի միջոցով Եվրոպային կապելու մասին է։
Այս պահին Ադրբեջանն արդեն մեծ քանակությամբ գազ է մատակարարում Եվրոպային։ Խոսքը 16-17 երկրի մասին է։ Ադրբեջանն ապահովում է Իտալիայի բնական գազի 25 տոկոսը։ Դա ուշագրավ է։ Այսինքն՝ արդեն հիմա հսկայական զարգացում է տեղի ունենում։ Իսկ պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ TRIPP ուղին ամբողջությամբ գործարկվի։
«Ազատություն»․ - Մոսկվան գնալով ավելի է քննադատում առաջարկվող «Թրամփի ուղին»։ Վերջերս Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը ենթադրել է, որ դրա իրականացումը կարող է Միացյալ Նահանգներին հնարավորություն տալ Հայաստանում զորքեր կամ հետախուզական կարողություններ տեղակայել։ Ինչպե՞ս եք արձագանքում այդ պնդումներին։
Համադե․ - Սա որևէ կապ չունի ԱՄՆ ռազմական ներկայության կամ նման որևէ բանի հետ։ Մենք բավականաչափ ներկայություն ունենք Մերձավոր Արևելքում և Թուրքիայում։ Այստեղ խոսքը երկու երկրների միջև խաղաղության մասին է, որին վաղուց էր պետք հասնել։
Սա դասական ռուսական ապատեղեկատվություն է։ Նրանք փորձում են ապակայունացնել Հայաստանը, որը ժողովրդավարական երկիր է և տարածաշրջանի ամենակայուն ժողովրդավարություններից մեկը։ Այս կերպ նրանք փորձում են բնակչության մի մասի աչքում վարկաբեկել Փաշինյանին։
Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում ավելի ուժեղ է, քան, ասենք, Կովկասի մյուս երկրներում, իսկ ռուսներին վստահել չի կարելի։ Այս պահին նրանք մեծապես զբաղված են Ուկրաինայի պատերազմով... և հասկանում են, որ մեծ վակուում է առաջացել, որը հիմա լրացնում են Միացյալ Նահանգները։
Ե՛վ ադրբեջանցիները, և՛ հայերը շատ ավելի կնախընտրեին համագործակցել ԱՄՆ-ի, քան Ռուսաստանի հետ։ Մենք շատ ավելի հուսալի ենք։ Մենք ենք հնարավոր դարձնում խաղաղությունը։ Ռուսները տարիներ շարունակ ազդեցություն են ունեցել այդ երկրներում և հիասթափեցրել են երկուսին էլ։
ԱՄՆ-ի շարունակական ներգրավվածությունն առանցքային է
«Ազատություն»․ - Համաձայնագրերի ստորագրումից բացի՝ ի՞նչը կարող է այս խաղաղությունն անշրջելի դարձնել։ Որո՞նք են այն կոնկրետ պայմանները, որոնց առկայության դեպքում կհամոզվեք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն իսկապես անցյալում է։
Համադե․ - Այս պահին Միացյալ Նահանգների շարունակական ներգրավվածությունը կապահովի, որ մենք երկու երկրներում էլ մշտապես տեղեկացված լինենք տեղի ունեցող զարգացումներից։ Նախագահ Թրամփը հիանալի հարաբերություններ ունի թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի հետ։ Եվ երբ TRIPP-ն ավարտին հասցվի, կարծում եմ՝ մենք պատերազմի մասին այլևս նույնիսկ չենք խոսի։
Նայեք Հայաստանին ու Թուրքիային։ Ստամբուլի և Երևանի միջև արդեն թռիչքներ կան, իսկ երբ սահմանը բացվի և հարաբերությունները կարգավորվեն, դա հսկայական նշանակություն կունենա։ Մենք աստիճանաբար հաղթահարում ենք տասնամյակների ընթացքում կուտակված թշնամանքը, որի զգալի մասը ձևավորվել է նաև ռուսական ազդեցության ներքո, և մտնում ենք մի նոր ժամանակաշրջան, որտեղ Հարավային Կովկասի ներուժը նոր է սկսում բացահայտվել։
«Ազատություն»․ - Տարածաշրջանում Վաշինգտոնի ներգրավվածությունը կապվա՞ծ է Թրամփի վարչակազմի հետ, թե՞ կարծում եք, որ այն կվերածվի ԱՄՆ-ի ավելի երկարաժամկետ ռազմավարական հանձնառության։
Համադե․ - Կարծում եմ՝ սա երկարաժամկետ է։ Միացյալ Նահանգներում մեծ հայկական համայնք ունենք, դա բոլորս գիտենք։ Բայց ադրբեջանցիները նույնպես լավ աշխատանք են կատարել՝ հաղորդելով, որ իրենք ևս խաղաղություն են ցանկանում։
Ուստի ես սա կուսակցական հարց չեմ համարում։ Կարծում եմ՝ այն դուրս է գալու դեմոկրատների և հանրապետականների միջև բաժանումների շրջանակից։
Մարդկանց վերջնական նպատակը պետք է խաղաղությունը լինի, իսկ Կոնգրեսում ինձ նման մարդիկ Հարավային Կովկասի մեծ ջատագովներ են։
Եվ վստահեցնում եմ՝ գործընկերներիս հետ զրույցներում նրանց հորդորում եմ այցելել տարածաշրջան, սեփական աչքերով տեսնել այն և տեսնել, թե գործնականում ինչ տեսք ունի Միացյալ Նահանգների առաջնորդությունը՝ «Ամերիկան՝ առաջին հերթին» սկզբունքով ։
Իրան, Ռուսաստան և փոփոխվող Հարավային Կովկաս
«Ազատություն»․ - Անդրադառնանք Իրանին։ Դուք տարածաշրջանային հավասարակշռության փոփոխությունը բնութագրել եք որպես հնարավորություն բոլոր ներգրավված կողմերի համար։ Կարո՞ղ են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն ու TRIPP-ն էապես փոխել Իրանի դերը կամ ակնկալիքները Հարավային Կովկասում։
Համադե․ - Այո՛, բայց իրանցիներն այժմ այնքան զբաղված են այլ խնդիրներով, որ դժվար է հստակ ասել։ Իրանի ազդեցությունը միայն Կովկասով չի սահմանափակվում. նայեք ավելի լայն Մերձավոր Արևելքին։ Լիբանանում նրանց ազդեցությունը նվազում է, իսկ Սիրիայում այն ամբողջությամբ վերացել է։ Իրանցիներն ունեն իրենց ներքին խնդիրները։
Հենց այդ պատճառով էլ TRIPP-ն այդքան կարևոր է՝ շարունակելու Ադրբեջանի և Հայաստանի կապերի զարգացումն Արևմուտքի հետ, որպեսզի նրանք այլևս ստիպված չլինեն կախված լինել Իրանից եկող ապրանքներից։
Այո՛, հասկանում եմ, որ այժմ նրանք դեռ առևտուր են անում Իրանի հետ։ Իհարկե, հասկանում եմ, չէ՞ որ Իրանն իրենց հարևանն է։ Բայց վստահեցնում եմ՝ ապագայում դա ավելի սահմանափակ կլինի։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին, որը վերջերս խոչընդոտել է հայկական բազմաթիվ ապրանքների մուտքը։ Կարծում եմ՝ հիմա արդեն տեսնում ենք, որ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը փորձում են հարմարվել նոր իրականությանը՝ Հարավային Կովկասը փոխվում է, մինչդեռ իրենք զբաղված են իրենց ներքին հակամարտություններով, որոնք արդեն տևական ժամանակ է՝ շարունակվում են։
Այս ամենի ժամանակային համընկնումը գրեթե նախախնամական է։ Մի կողմից ունենք խաղաղության նկատմամբ Թրամփի հանձնառությունը և նրա հիանալի հարաբերությունները թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ղեկավարների հետ։ Մյուս կողմից՝ այս գործընթացին հավատարիմ այնքան շատ մարդիկ կան, որ, կարծում եմ՝ Հարավային Կովկասը նախկինում երբեք ԱՄՆ-ի կողմից այսքան մեծ ուշադրության չի արժանացել։ Եվ այդ ուշադրությունը միայն աճելու է։
«Ազատություն»․ - Հաշվի առնելով ԱՄՆ-ի ներգրավվածության այդ մակարդակը՝ ակնկալո՞ւմ եք, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրն ամբողջությամբ վերջնական տեսքի կբերվի մինչև նախագահ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը։
Համադե․ - Օ՜, միանշանակ։ Կարծում եմ՝ դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան ուշ։