Ամերիկյան Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են այս շաբաթ արդեն Պակիստանում հանդիպել իրանական պատվիրակության հետ։ Ըստ նույն աղբյուրի, բանակցություններին հնարավոր է միանա նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը չի հերքել այս տեղեկությունները, միաժամանակ պնդել, որ «հանդիպումների մասին ենթադրությունները կարող են վերջնական համարվել միայն այն ժամանակ, երբ դրանք կհաստատվեն Սպիտակ տան կողմից»։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ խոստանալով Իսլամաբադի օգնությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային էլ իր հերթին ասել է, որ «որոշ բարեկամ երկրներից հաղորդումներ են ստացվել, որոնք վկայում են պատերազմը դադարեցնելու նպատակով բանակցություններ վարելու՝ ԱՄՆ խնդրանքի մասին»։ Թեհրանը միաժամանակ շարունակում է պնդել, որ մինչ օրս նման բանակցություններ չեն եղել՝ հակառակ ԱՄՆ նախագահի երեկվա հայտարարությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը հերքում է, թե վերջին 24 օրերին որևէ բանակցություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ