ԱՄՆ-ի հիմնական ռազմաբազաները՝ Մերձավոր Արևելքում

Իրանը հայտարարում է, որ իր դեմ սկված ռազմական գործողություններին ի պատասխան՝ կթիրախավորի տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները:

Որտեղ են ԱՄՆ հիմնական ռազմաբազաները Մերձավոր Արևելքում

Բահրեյնում է տեղակայված ԱՄՆ ծովային ուժերի հինգերորդ նավատորմի կենտրոնակայանը: Դրա պատասխանատվության գոտին ընդգրկում է Պարսից ծոցը, Կարմիր ծովը, Արաբական ծովը և Հնդկական օվկիանոսի որոշ մասեր:

Բահրեյնը հայտնել է, որ ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմի սպասարկման կենտրոնը հրթիռային հարձակման է ենթարկվել:

Կատարի մայրաքաղաք Դոհայի մոտ գտնվող անապատում է Ալ Ուդեիդ օդային ռազմաբազան: Սա Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենամեծ ռազմաբազան է՝ 10 հազար զորակազմով:

Reuters-ը, հղում անելով ականատեսներին, տեղեկացրել է, որ պայթյունի ձայներ են լսվել Դոհայում:

Քուվեյթում մի քանի ռազմական օբյեկտներ կան, այդ թվում՝ ԱՄՆ բանակի կենտրոնական շտաբի «Քեմփ Արիֆջան» ռազմաբազան և Ալի Սալեմ ավիաբազան, որը Իրաքի սահմանից մոտ 40 կմ հեռավարության վրա է և առավել հայտնի «Ժայռ» անունով:

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի հարավում է Ալ Դհաֆրա ավիաբազան, որը համատեղ օգտագործվում է ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հետ: Այն աջակցել է «Իսլամական պետության» դեմ իրականացված գործողություններին և տարածաշրջանում հետախուզական տեղակայումներին:

Դուբայի Ջաբել Ալի նավահանգիստը, չնայած պաշտոնապես ռազմաբազա չի համարվում, բայց ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ կանգառն է Մերձավոր Արևելքում: Այստեղ կանոնավոր կերպով տեղակայվում են ամերիկյան ավիակիրներ և այլ նավեր:

Իրաքում ԱՄՆ-ն ներկայություն ունի Անբար նահանգում տեղակայված Այն Ալ Ասադ ռազմաօդային բազայում: Այն աջակցում է Իրաքի անվտանգության ուժերին և ՆԱՏՕ-ի առաքելությանը։ Իրանն այս բազան թիրախավորել էր 2020 թվականին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության։

Իրաքի կիսաինքնավար Քուրդիստանում է Էրբիլի ավիաբազան, որը ծառայում է որպես կենտրոն ԱՄՆ-ի ու դաշնակից ուժերի վարժանքների ու մարտական զորավարժությունների համար:

Սաուդյան Արաբիայում, ըստ 2024 թվականին Սպիտակ տան տրամադրած տվյալների, ամերիկացի 2 հազար 321 զինվորական է տեղակայված: Նրանք Սաուդյան Արաբիայի կառավարության հետ համակարգմամբ օդային և հրթիռային պաշտպանության կարողություններ են զարգացնում և աջակցում ԱՄՆ ռազմական ինքնաթիռների գործունեությանը: Զինվորականների մի մասը տեղակայված է Ռիադի հարավում գտնվող Արքայազն Սուլթան ավիաբազայում, որը տեխնիկական աջակցություն է ապահովում ամերիկյան զինտեխնիկայի, այդ թվում՝ Patriot հրթիռային մարտկոցների և այլ համակարգերի համար:

Հորդանանի մայրաքաղաք Ամմանից 100 կմ հյուսիս-արևելքում գտնվող Ազրաք քաղաքում է Մուվաֆաք ալ Սալթի ավիաբազան: Այստեղ է տեղակայված ԱՄՆ օդային ուժերի կենտրոնական վարչության 332-րդ օդային հետախուզական թևը:

ԱՄՆ-ն ու Իսրայելն այսօր հարվածել են Իրանին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեհրանը «կթիրախավորի տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները»Իսրայելն ու ԱՄՆ հարվածել են Իրանին, Թեհրանը պատասխանել է Մեր համատեղ հարձակումը պայմաններ կստեղծի, որ Իրանի ժողովուրդը ճակատագիրն իր ձեռքը վերցնի. ՆեթանյահուԹրամփը հայտարարել է՝ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն են սկսել, կոչ արել վայր դնել զենքերըԽամենեին Թեհրանում չէ, «նա տեղափոխվել է անվտանգ վայր»Իրանի դեմ իսրայելական գործողությունը համակարգվել է ԱՄՆ-ի հետ. Իսրայելի ՊՆ ներկայացուցիչԻսրայելն իր քաղաքացիներին նախազգուշական ահազանգ է արել, փակվել է օդային տարածքըԻսրայելը հարվածել է Իրանին, Թեհրանում պայթյուններ են լսվել