ԱՄՆ հարվածներից տասնյակ զոհեր և վիրավորներ Իրանի հինգ նահանգներում. Թեհրանը պատասխանել է

ԱՄՆ-ը հարված է հասցրել Իրանի հարավարևելյան Իրանշար քաղաքի օդանավակայանին, 8-ը հուլիսի, 2026թ.

Իրանում ԱՄՆ-ի երեկվա և այս գիշերվա հարձակումների հետևանքով հինգ նահանգներում զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը, հաղորդում են պետական լրատվամիջոցները: Fars-ը հայտնել է, որ ամերիկյան զինուժի հարվածներից մեկը թիրախավորել է երկաթուղային կամուրջը, որն օգտագործվում է Ռուսաստանի և Չինաստանի հետ առևտրի համար։

Այսօր առավոտյան մի քանի պայթյուններ են լսվել Բուշեր նահանգում, որտեղ տեղակայված է Իրանի ատոմակայանը, ինչպես նաև Բանդար Աբբասում՝ Հորմուզի նեղուցի նավահանգստային քաղաքում:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածել են մոտավորապես 90 իրանական ռազմական թիրախների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, առափնյա հսկողության միջոցների, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերի և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքների։

«Սա հատուցում է Իրանի կողմից ռմբակոծված նավերի դիմաց: Եթե կրկին նման բան անեն, շատ ավելի վատ կլինի», - երեկ գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social հարթակում։

Իրանի բանակը հայտարարել է, թե ի պատասխան՝ հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան Patriot համակարգերին, Կատարում ամերիկյան հենակետերին ու Բահրեյնում ԱՄՆ բանակի վառելիքի պահեստին։

Կատարը, որտեղ տեղակայված է տարածաշրջանում ամենամեծ ամերիկյան ռազմաբազան, կոչ է արել վերադառնալ դիվանագիտությանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Կատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին միաժամանակ դատապարտել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ հարձակումները, որից սկիզբ առավ բռնությունների այս ալիքը։

Չնայած Իրանը չի ստանձնել այդ հարձակումների պատասխանատվությունը, վերլուծաբանները նշում են, որ Թեհրանը նման գործողություններն օգտագործում է ԱՄՆ-ի հետ բանակցություններում լծակներ ձեռք բերելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է Իրանին հասցված «շատ ուժեղ» հարվածների մասին, Իրանը հարևաններին է թիրախավորելԱՄՆ-ը կարող է գրավել Իրանի Խարգ կղզին, կրկին շրջափակել Հորմուզը. ԹրամփԻրանից հայտնում են՝ ԱՄՆ-ի հարվածներից զոհվել է ԻՀՊԿ անդամԹրամփ. ԱՄՆ-ն, հավանաբար, կրկին կհարվածի Իրանին չորեքշաբթի երեկոյանԹրամփ. Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագիրն «ավարտված է»