ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է Թրամփի մաքսատուրքերի մեծ մասը

ԱՄՆ Գերագույն դատարանի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի մեծ մասը: Դրանց թվում են, ըստ The Wall Street պարբերականի, աշխարհի գործնականում բոլոր երկրներից ներմուծման «փոխադարձ» մաքսատուրքերը և Կանադայից, Մեքսիկայից ու Չինաստանից ներկրվող ապրանքների 25-տոկոսանոց մաքսատուրքերը:

Որոշումն ընդունվել է դատավորների 6 կողմ ձայներով, դեմ են արտահայտվել 3-ը: Կողմ են քվեարկել 3 ազատական դատավորները և 6 պահպանողականներից 3-ը, այդ թվում՝ դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը:

Դատարանը վճռել է, որ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները՝ օգտվելով արտակարգ տնտեսական լիազորւթյունների մասին 1977 թվականի օրենքից: «Եթե Կոնգրեսը մտադիր լիներ նախագահին օժտել հատուկ և արտակարգ լիազորություններով, դա կաներ ուղղակիորեն», - ասված է Գերագույն դատարանի որոշման մեջ:

Սա առաջին դեպքն է, երբ գերագույն դատական ատյանը վերջնականապես չեղարկում է Դոնալդ Թրամփի՝ իր նախագահության երկրորդ ժամկետում ձեռնարկած քաղաքական միջոցներից մեկը, նշում է WSJ-ն:

Որոշումը չի առնչվում պողպատի, պղնձի և ալյումինի մաքսատուրքերին, որոնք սահմանվել են այլ օրենքների հիման վրա: Այդուհանդերձ, այն վերաբերում է աշխարհի ավելի քան 200 երկրներից ու տարածքներից ներմուծումներին: Համաձայն դատական որոշման՝ մաքսատուրքերն արդեն վճարած ընկերությունները կարող են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից պահանջել դրանց վերադարձը: Ըստ պարբերականի՝ հարյուրավոր ընկերություններ արդեն իսկ համապատասխան հայցեր են ներկայացրել:

ԱՄՆ նախագահը, ըստ WSJ-ի, կարող է կրկին մաքսատուրքեր սահմանել այլ իրավական մեխանիզմներով, բայց դա ավելի շատ ժամանակ կպահանջի:

Վերադարձի դեպքում փոխհատուցումների ընդհանուր գումարը կարող է հասնել 170 միլիարդ դոլարի, ինչը Թրամփի մաքսատուրքերի քաղաքականության եկամուտների կեսից ավելին է, ընդգծում է Bloomberg-ը:

Ինքը Թրամփը դատարանի որոշումը որակել է «խայտառակություն», փոխանցել են CNN-ի աղբյուրները: Ըստ CNN-ի՝ այժմ Սպիտակ տունը պատրաստվում է հինգ ամսով՝ մինչև Կոնգրեսի կողմից երկարաձգումը, 10 տոկոս մաքսատուրք սահմանել բոլոր ներմուծումների վրա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանից ապրանքներ ներկրող ցանկացած երկրի համար Թրամփը կրկին սպառնում է ԿանադայինԹրամփը բարձրացնում է Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերըԹրամփը Կանադայի վարչապետին «նահանգապետ» է անվանել, սպառնացել 100 տոկոս մաքսատուրքերովԹրամփը հետ է կանգնում որոշ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու ծրագրիցԹրամփը մտադիր է մաքսատուրքեր սահմանել եվրոպական երկրների նկատմամբ, մինչև Գրենլանդիայի շուրջ գործարք լինիՉինաստանը դեմ է Իրանի գործընկերների նկատմամբ Թրամփի սակագնային քաղաքականությանըԹրամփը և Ծինփինը համաձայնել են մեղմել առևտրային լարվածությունը և «համատեղ աշխատել» Ուկրաինայի հարցումԹրամփը հայտնել է Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա լրացուցիչ 100 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասինԹրամփը դեղերի, բեռնատարների և կահույքի ներմուծման նոր սակագներ է սահմանել