Ամենամահաբերը Մարիուպոլից հետո. Կամիշևախայում ռուսների հարվածի զոհերի թիվը հասավ 72-ի

Ուկրաինա - Որոնողափրկարարական աշխատանքները Կամիշևախայում, 8-ը նոյեմբերի, 2026թ.

Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Կամիշևախա ավանում ավարտվել են երկու շաբաթ շարունակված որոնողափրկարարական աշխատանքները: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իվան Վիգովսկու խոսքով՝ հայտնաբերվել են 72 զոհվածների մարմիններ, նրանց թվում են փրկարարներ, ոստիկաններ, բժիշկներ, կոմունալ ծառայությունների, կրթարանի և վարչական ծառայությունների կենտրոնի աշխատակիցներ, ինչպես նաև ուսուցչուհի, ով ամեն օր գալիս էր ապաստարան՝ երեխաների հետ առցանց դասեր անցկացնելու:

Սա ռուսների կողմից ամենամահաբեր ռմբակոծությունն է 2022 թվականի մարտին Մարիուպոլի դրամատիկական թատրոնին հասցված հարվածից հետո, նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը:

Նոյեմբերի 2-ին ռուսական զորքերը 9 ավիառումբ են նետել Կամիշևախայի կենտրոնի վրա: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ռուս զինվորականները հարձակվել են չգործող դպրոցի շենքում մարդասիրական օգնության բաշխման կետ եկած մարդկանց, ինչպես նաև ժամանած փրկարարների և ոստիկանների վրա:

Փրկարարական գործողության երկու շաբաթների ընթացքում Ռուսաստանը 11 անգամ գնդակոծել է ավանը, 9 անգամ հարվածներ են հասցվել նույն վայրում, որտեղ մաքրվում էին փլատակները, ինչի հետևանքով վիրավորվել են երեք ոստիկաններ և չորս փրկարարներ, վնասվել է տեխնիկան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կամիշևախային ռուսների հարվածի զոհերի թիվը հասել է 53-իԿամիշևախային ռուսների հարվածների զոհերի թիվը հասել է 40-իՌուսաստանը Զապորոժիեում հարվածել է դպրոցի, որտեղ օգնություն էին բաժանում. կա 26 զոհ, բազմաթիվ վիրավորներ